Սանկտ-Պետերբուրգում դատարանը վճիռ է կայացրել ռուս նեոնացիստ Անդրեյ Լինկի եւ նրա ղեկավարած բանդայի նկատմամբ։ Նեոնացիստների բանդային ձերբակալել էին Ռուսատանի Դաշնության Տուվայի Հանրապետության  կառավարության մամուլի քարտուղարին գնացքի վագոնում դաժան ծեծի ենթարկելու համար։ Բարձրաստիճան պետական պաշտոնյային ծեծել են գնացքի ուղեւորների աչքի առաջ։

Fontanka.ru-ի փոխանցմամբ, Սանկտ-Պետերբուրգի դատարանը բանդայի ղեկավար, «Լինկոլն-88» մականունով Անդրեյ Լինկին դատապարտել է 9 տարվա ազատազրկման։ Նրա խմբավորման 17-23 տարեկան 10 անդամներին, դատարանը 3,5-ից մինչեւ 7 տարի ազատազրկման է դատապարտել։ Մյուս նեոնացիստների նկատմամբ 1-3 տարի պայմանական պատիժ է սահմանվել։

Լինկի գլխավորած նեոնացիստական խմբի անդամներին առաջադրվել էր 12 հարձակման մեղադրանք։ Տուժածների թվում են եղել Հայաստանի, Ուզբեկստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք արտաքնապես նման չեն եղել սլավոնների։