Ես չեմ պատրաստվում Արսեն Թորոսյանի ստատուսները մեկնաբանել. ինքը մեկ բան պետք է անի՝ դադարել մրցել մեծամտությամբ, ցինիզմով բոլորի հետ եւ հաղթել այդ պայքարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով դիտրակմանը, որ Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքի էջում հիշեցրել է, որ հենց «Լուսավոր Հայաստանն» է դեմ եղել արտակարգ դրության երկարացմանը, դիմակ կրելուն:
«Մենք դեռ փետրվարի 24-25-ին ենք առաջարկել միջոցներ ձեռնարկել: Եթե մինչեւ մարտի 1-ը, երբ գրանցվեց առաջին դեպքը, գործողություններ ձեռնարկված լինեին, նաեւ սահմանները փակելու, գուցե անգամ արտակարգ դրության կարիք չլիներ: Այդ մասին մտածե՞լ է Արսեն Թորոսյանը:
Մենք ամեն օր հայրենակիցներ ենք կորցնում, դա պետք է լինի քաղաքական մեծամասնության օրակարգը, ոչ թե տարբեր տիպի բամբասանքները կամ այլ օրակարգեր բերելը»,-ընդգծեց «ԼՀԿ պատգամավորը:











