Ես կխնրեմ, որ բոլոր հրապարակային գործիչները բարձր դատարանի հասցեին լինեն զուսպ, հավասարակշռված եւ զերծ որեւէ վիրավորական արտահայտություններից: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով հրապարակային արտահայտություններին, թե ունենք կորոնավիրուսի հույսին մնացած ՍԴ:

«Առավել եւս պատգամավորները, որովհետեւ թե պատգամավորները, թե ԱԺ-ն, ՍԴ դիմող սուբյեկտ են: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կոռեկտ գտնվի բարձր դատարանի կամ դատավորների հասցեին որեւէ տեսակետ արտահայտելիս: ՍԴ-ն իր կազմավորման օրվանից աշխատում է բնականոն ռեժիմով, որեւէ մեկի հույսից կախված չէ»,-ընդգծեց Ղազարյանը:

Ինչ վերաբերում է պնդումներին, որ ՍԴ-ն չունի հանրային վստահություն եւ քաղաքականացված է, Ղազարյանն ասաց. «Սահմանադրական դատարանը վայելում է մեծ հեղինակություն եւ վստահություն: Դրա մասին են վկայում հանրության շրջանում ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվել էր, որ բոլոր դատաիրավական մարմիններից ամենաբարձր վստահությունն ունի ՍԴ-ն:

ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, այդ թեմայով ցանկացած քննադատություն սին եւ անհիմն է: ՍԴ դատավորները քաղաքականությամբ չեն զբաղվում: ՍԴ դատավորները պրոֆեսիոնալ մարդիկ են, իսկ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանք նաեւ մարդկային բարձր առաքինություններով օժտված մարդիկ են, որովհետեւ նրանց օրենքով առաջարկվեց գնալ վաղ կենսաթոշակի եւ ստանալ նույն վարձատրությունը առանց աշխատելու, բայց ՍԴ ոչ մի դատավոր չհամաձայնեց այդ տարբերակին»:

Դիտարկմանը, որ գուցե դա ցույց է տալիս փոխկապակցվածությունը նախկին իշխանությունների հետ, ՍԴ աշխատակազմի ղեկավարն ասաց. «Նախկին իշխանությունների հետ որեւէ փոխկապակցվածություն որեւէ դատավոր չունի: Կոնկրետ Հրայր Թովմասյանի կենսագրություն իր դրական կողմերից մեկն է: Այո, մեր երկրի ՍԴ նախագահը պետք է լիներ գիտելիքներով հարուստ, փորձառու մարդ: Լինել նախարար, լինել ԱԺ-ում հանձնաժողովի նախագահ, միայն ուժեղացնում է իր մասնագիտական դիրքերը: Իսկ այդ պաշտոնները զբաղեցնելու համար նա պետք է ընդգրկված լիներ քաղաքական գործունեության մեջ: Նա ՀՀԿ անդամ դարձել է նախարար դառնալուց երկու տարի հետո: Այսինքն նա իր բնույթով մեր երկրում իր ունակություններով լավագույն իրավաբաններից մեկն է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հրայր Թովմասյանը այն Սահմանադրության հեղինակներից է, որն ապահովում էր Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, ՍԴ աշխատակազմի ղեկավարը չհամաձայնեց. «Նա այն Սահմանադրության համահեղինակներից մեկն է, որով մեր երկրում իրականացվել է ֆունդամենտալ սահմանադրական փոփոխություն՝ անցում կատարելով կիսանախագահական համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի՝ էլ ավելի ամրապնդելով մեր երկրի ժողովրդավարության հիմքերը: Դա դրական փոփոխություն է եղել մեր պետության մեջ»: