Հայաստանում ուրանի պաշարներ կան, եւ դրանք կազմում են 100 հազար տոննայից ոչ պակաս: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։

Ուրանի պաշարների գիտական հաստատումը զետեղված է Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածում, որը հրապարակվել է «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարում: Ուրանի պաշարները Հայաստանի տարածքում նույնականացված են 34 հանքերեւակումներում եւ հանքավայրերում: Պարզվում է, որ Լեռնաձոր գյուղի հարեւանությամբ գտնվող Փխրուտի հանքավայրը, որն ընտրվել էր ուրանի հետախուզման աշխատանքների համար, հեռանկարային է, բայց ոչ ամենամեծը: Նրանում ուրանի պաշարները գնահատվում են 20 հազար տոննա: Բայց ահա Անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարները գնահատվում են 30-40 հազար տոննա:  Վեդու երեւակումները գնահատվում են 10-15 հազար տոննա, Անդիի հանքավայրինը`  5-10 հազար տոննա, իսկ Վայքի երեւակումները 20-30 հազար տոննա:

Հոդվածում նշված են ոչ միայն ուրանի կանխատեսվող պաշարները, այլ նաեւ քարտեզագրական տվյալները, որոնք կարող են օգնել Հայաստանում ուրանի որոնողական աշխատանքներով զբաղվող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությանը» հետախուզման աշխատանքների վայրի ընտրության հարցում: Օրինակ, Անտառային հանքերեւակումը, որը տեղակայված է Մարմարիկ գետի ավազանում, հարակից է Մեղրաձորի ոսկու, Հանքավանի պղնձամոլիբդենային հանքավայրերին, գտնվում է Մարմարիկի խորը բեկվածքի երկարությամբ:

Սյունիքի ուրանի պաշարները սերտ կապված են Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ եւ այլն: