Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են թուրք գործընկերների չհաստատված տեղեկությունն այն մասին, թե Իրանը պատրաստ է միանալ Կարս - Իգդիր - Նախիջեւան երկաթգծի նախագծին: «Հավաստի» աղբյուրներից մեկը հաղորդել է, որ 750 միլիոն դոլարանոց նախագծին կարող է միանալ նաեւ Թեհրանը: Բաքվում թմբկահարվում է «տարածաշրջանային նախագծերից Հայաստանի մեկուսացման գործում ունեցած հերթական հաղթնակի» մասին:      

Սակայն, իրականում, թուրք-ադրբեջանական հերթական ոգեւորության համար հիմքեր դեռ չկան:

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով հանձնաժողովի փորձագետ, արեւելագետ Կարինե Գեւորգյանի կարծիքով, վերոնշյալ նախագիծը միայն թղթի վրա է, շատ թանկարժեք է, պահանջում է հսկայական ներդրումներ, որոնք կողմերը չունեն:

«Ադրբեջանին անհրաժեշտ էր որեւէ տեղեկատվական առիթ: Դե, հավաքվեցին, քննարկեցին, ինչ-որ համաձայնագիր կնքեցին: Սակայն այդպիսի համաձայնագրեր շատ կան: Անկարան այժմ այդ նախագծի համար միջոցներ չունի: Թուրքիայում քննարկվում է ափամերձ գոտու 400 կմ երկայնքով երկաթգիծը 25 կմ խորք տեղափոխելու խնդիրը», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Գեւորգյանը: Նա նշեց, որ նոր երկաթգծի նախագիծն ըստ էության տնտեսական չէ: Այն ունի քաղաքական բնույթ: Ավելին` Անդրկովկասում իրականացվող բոլոր կոմունիկացիոն նախագծերը քաղաքական են:

«Իրան - Բաթումի տրանսպորտային նախագծից բացի: Դա գործող նախագիծ է, որն անցնում է Հայաստանով, այն իրականում գործում է, Հայաստանում լավ ճանապարհներ են, իրանական բեռնատարներն անցնում են լավ մայրուղիներով: Հայտնի է, որ հայ ոստիկանները նրանց չեն կանգնեցնում: Ճանապարհն անվտանգ է, եւ իրանցիներն օգտվում են դրանից», - նշեց ռուսաստանցի փորձագետ Կարինե Գեւորգյանը:

Քաղաքագետ-իրանագետ Արթին Առաքելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց, որ Իրանը Հայաստանի դեմ որեւէ նախագծի մասնակցելու մտադրություն չունի, պարզապես Թեհրանը փորձում է ամրապնդել կապերը տարածաշրջանային բոլոր հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրաքի հետ:

«Մի քանի օր առաջ Իրանը հայտարարեց Իրան - Հայաստան - Վրաստան ավտոմայրուղի եւ երկաթգիծ կառուցելու մտադրության մասին: Եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի տեսանկյունից նայենք, ապա նրանք կարող են հայտարարել, որ այդ ծրագիրն իրենց դեմ է ուղղված: Իրանը պարզապես զարգացնում է իր տնտեսությունը` ընդլայնելով կապերը հարեւանների հետ: Իրանի տնտեսության զարգացման գործընթացում իրենց տեղն են զբաղեցնում նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը», - նշեց իրանագետը:

Անդրադառնալով ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցների գովազդած Կարս – Իգդիր - Նախիջեւան նախագծին` Առաքելյանը նշեց, որ այն ավելի շատ տնտեսական է, եւ ունի բոլոր շանսերը մնալ թղթի վրա:

Իրանը մշտապես ձեռք է բերում պայմանավորվածություններ, որից հետո սկսում է ուսումնասիրել հավանական գործընկեր երկրի կառուցվածքը եւ միայն անհրաժեշտության դեպքում սկսում է իրագործել նախագիծը:  

«Շատ հնարավոր է, որ տվյալ տեղեկատվության տարածումը PR քայլ է` Իրանին ներգրավելու ուղղությամբ: Իրականում Ադրբեջանն Իրանի հետ մերձենալու մեծ ցանկություն չունի: Նույնիսկ վերջին ընդդիմադիր ցույցերը ադրբեջանական կառավարությունը փորձում է կապել իրանական գործոնի հետ», - նշեց փորձագետը:

Ամեն դեպքում, առավել հավանական է, որ սաղմնային վիճակում գտնվող Կարս – Իգդիր, Նախիջեւան երկաթուղային նախագծին Իրանի միանալու մասին ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոնցերի տարած տեղեկատվությունն ընդամենը Ադրբեջանի իշխանությունների հերթական քարոզչական քայլն է: Իրանական աղբյուներներից տեղեկության որեւէ հաստատում դեռ չի եղել: