Երեւանի բնակիչ 66-ամյա Բեթխեմ Հարությունյանն այսօր` մայիսի 6-ին դիմել է ոստիկանության Հրազդանի բաժին եւ հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Սոլակ գյուղի իրենց ամառանոցի երկրորդ հարկի ապակիները կոտրելու միջոցով ներս են մտել եւ այնտեղից գողացել 1,65 մլն ոսկյա զարդեր: Դրանց մեջ կան նաեւ 2 թանկարժեք ադամանդե մատանիներ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքի քննիչն ու փորձագետը դեպքի վայրի զննության աշխատանքներ էին կատարում:
Դեպքի կապակցությամբ, ոստիկանության Հրազդանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գողություն` բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ոստիկանության հրազդանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վաղարշակ Վարդանյանը:






Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























