Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է նրանում, ինչն ինքն է անում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց զինվորական հոգեբան Դավիթ Ջամալյանը։
Նրա խոսքով, մի կողմից դա պարզունակ քաղաքականություն է, սակայն մյուս կողմից նման մոտեցումը լիովին կարող է գործուն լինել։ Ընդ որում, հաշվի առնելով կողմերին չեզոք մոտեցում ցուցաբերել փորձող միջազգային կառույցների մոտեցումները, հիշեցրեց Ջամալյանը։ Որպես օրինակ, Ջամալյանը բերեց ադրբեջանական վերջին սադրանքը, երբ հրադադարի խախտման արդյունքում երկու օրվա ընթացքում սպանվեցին երեք եւ վիրավորվեց մեկ մարդ։
«Սակայն ադրբեջանական կողմն այժմ փորձում է խեղաթյուրել փաստերը եւ հայկական կողմին մեղադրում է հրադադարի խախտման եւ շփման գծում դիպուկահարներ տեղակայալու մեջ»,- նկատեց փորձագետը։ Նրա խոսքով, հայկական կողմը պետք է պատասխան տա, սակայն ոչ պատասխան մեղադրանքների տեսքով։ «Պետք է տրամաբանական փաստարկների օգնությամբ հասկացնել միջազգային կառույցներին եւ հանրությանը, որ հայկական կողմը նմանօրինակ սադրիչ գործողությունների գնալու դրդապատճառներ չունի։ Լեռնային Ղարաբաղը հաղթել է իրեն պարտադրված պատերազմում եւ ինքնորոշվել։ ԼՂՀ-ն պաշտպանվում է եւ նրան իրավիճակի սրացում պետք չէ»,- ասաց փորձագետը։
Ադրբեջանին, փորձագետի կարծիքով, հակառակը` իրավիճակի սրացումը ձեռնտու է։




























