Գիտական աստիճան ունեցող  երիտասարդ տաղանդավոր գիտնականներից շատերի աշխատավարձը մինչեւ 32 հազար դրամ է եւ նրանք պատրաստվում են լքել Հայաստանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության ատգամավոր Անահիտ Բախշյանը, հավելելով, որ մենք, ըստ էության, ուղեղներ ենք մատակարարում աշխարհին:

«Ազգային այս մեծագույն արժեքը պետության կողմից այսօր չի գնահատվում եւ պահպանվում: Գիտնականների միջին տարիքը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 տարով եւ այժմ հասնում է 57-58 տարեկանի: Այս աղետալի տեմպերով շուտով Հայաստանում գիտությունը կարող է բառացիորեն ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ:  Այսօր աշխարհում գիտնականների միջին մասնաբաժինը 1 մլն բնակչի հաշվով կազմում է 3500 մարդ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ընդամենը 1500 է: 

Վտանգավոր ահազանգ է նաեւ այն, որ դրսում  բարձրարժեք, որակյալ կրթություն եւ գիտական աստիճան ստացած մեր երիտասարդները  տեղ չեն գտնում ոչ Երեւանի պետական համալսարանում, ոչ որեւէ ԲՈՒՀ-ում»,- նշել է Բախշյանն ու մի շարք հարցեր բարձրացրել.

«Ովքե՞ր են դասավանդում մեր համալսարաններում, ինչպիսի՞ չափորոշիչներով են ընտրվում, ի՞նչ ժամկետներով, ո՞րն է դասախոսների արդյունավետության գնահատականը: Ինչո՞ւ Ազգային մրցունակության հիմնադրամը չի սատարում երիտասարդ գիտնականին»:

Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ 2011թ. բյուջեում «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր գիտությանը հատկացվող գումարը բյուջեի 0,98 տոկոսի փոխարեն դարձնել 1.5 տոկոս, գիտնականների աշխատավարձը կրկնապատկել: Կառավարությունը մերժել է այս առաջարկները:

«Այսօր, ամենաբարձր պաշտոնյաներից սկսած, բոլորը հայտարարում են, որ հայ ժողովրդի արժանապատվության համար մղված մայիսյան հաղթական պատերազմները դեռ չեն ավարտվել: Այո, չեն ավարտվել, դրանք շարունակվում են նաեւ գիտական ոլորտներում, եւ եթե այսպես շարունակվի գիտության ֆինանսավորման գործընթացը, ապա, ցավոք, վերջնականապես տանուլ կտանք այս պատերազմում: Կառավարությունը պարտավոր է  անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարեւորագույն խնդիրը` ուղեղների արտահոսքը կանխելու համար»,- նշել է Անահիտ Բախշյանը: