Ընտրական օրենսգրքում 13 փոփոխություն է եղել եւ բոլորն էլ կոսմետիկ բնույթ են կրել, քանի որ կարելի է անել 100 փոփոխություն եւ ոչ մի բան չփոխել, եւ անել մի քանիսը եւ էական փոփոխություն հասնել: Նման տեսակետ է հայտնել ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, այսօր` մայիսի 6-ին «Քաղաքացիական հասարակության դերը «ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումների գործընթացում» խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով` վստահված անձը, ունենալով ավելի շատ լիազորություններ, լիցենզավորում չի անցնում, իսկ դիտորդն, ավելի քիչ լիազորություններ ունենալով, լիցենզավորվում է:
Այսինքն` սա ինքնին խոչընդոտում է տեղական կազմակերպություններին ընտրություններին որպես դիտորդ մասնակցությանը:
Հանդիպմանը ներկա ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ նախագծի համաձայն` դիտորդները պետք է անցնեն մասնագիտական դասընթացներ եւ ստանան որակավորման վկայականներ, սակայն նման կետ աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի եւ չի կարելի դա օրենսգրքով պարտադրել, քանի որ դա կամավորական սկզբունքով է իրականացվում:
Նշենք, որ հանդիպում-քննարկումը կազմակերպել էր Հասարակական երկխոսությունների եւ նախաձեռնությունների կենտրոնը (ՀԵՆԿ):




























