«Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 12-ից կցուցադրվի  արցախյան պատերազմի եւ խաղաղության մասին պատմող «Պատմություններ  պատերազմի  եւ  խաղաղության  օրերից» լիամետրաժ վավերագրական ֆիլմը:

Ֆիլմ մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես Ադրբեջանի իշխանական եւ հասարակական թեւերում: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ռաֆայել Իբրահիմովը BBC հեռուստաընկերությանն ուղղված նամակում նշել է. «Այս Ֆիլմի ցուցադրումը վտանգում է տարածաշրջանի կայունությանը»:

Բենելյուքսի ադրբեջանցիների կոնգրեսն էլ պահանջել է, որ Ամստերդամի  փառատոնը հանի այդ ֆիլմն իր ծրագրից:

Ամերիկայի ադրբեջանական համայնքն էլ PBS-ին բաց նամակ է հղել, նշելով. «Մենք պահանջում ենք չցուցադրել ֆիլմը Ամերիկայի Հանրային PBS հեռուստաընկրությամբ»:

Նշենք, որ այս ֆիլմը ոչ միայն մասնակցել է Ամստերդամի փառատոնում, այլ նաեւ արժանացել բազմաթիվ կինոփառատոնների բարձրագույն մրցանակների: PBS-ն մինչ օրս ցուցադրում է այն:

Մայիսի 12-ին կկայանա ֆիլմի ցուցադրությունը նաեւ Երեւանում: Ֆիլմ, բոլորիս հայտնի, պարզ մարդկային արժեքների մասին` ինչպե՞ս պահպանել մեր արժանապատվությունն այս քաոսում, ինչպե՞ս մնալ մարդ այդ ամենին ականատես լինելուց հետո: Տարիներ անց այս հարցի պատասխանն է փնտրում պատերազմի մասնակից, ֆիլմի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը:

BBC (Մեծ Բրիտանիա), PBS (ԱՄՆ) WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա) միջազգային անվանի կինոարտադրողների հետ համատեղ ստեղծված այս ֆիլմը թարգմանվել է 15 լեզուներով եւ արժանացել ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի Թրայբեկա կինոփառատոնում, Լավագույն վավերագրական ֆիլմ «Ոսկե Ծիրան» Միջազգային Կինոփառատոնում եւ այլն):