ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մայիսի 7-ին իր սեփականությունը հանդիսացող Ծաղկաձորի «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցում որեւէ միջոցառման չի մասնակցի: Այս մասին այսօր`մայիսի 6-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունը, ըստ որի, հիշյալ հյուրանոցում մայիսի 7-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանին պատկանող, Հայաստան ինսուլին ներկրող նոր ընկերության շնորհանդեսը:
Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մտնել դեղորայքի շուկա: Ըստ այդմ, նա այսուհետ Հայաստան կներկրի ինսուլին դեղամիջոցը եւ ընդհանուր առմամբ շաքարային դիաբետի տասնյակից ավելի անուն դեղամիջոց: Դեղորայքի շուկայում Ծառուկյանը կհամագործակցի միջազգային հեղինակություն վայելող կորպորացիայի հետ, որն իր մեջ ներառում է 5-6 եվրոպական խոշորագույն դեղարտադրող ընկերություններ: Հայաստանում նոր ընկերության մուտքը կնշանավորվի շքեղ շնորհանդեսով, որը մեր տեղեկություններով կկայանա վաղը, Ծաղկաձորում` Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցում` Հայաստանի բուժկենտրոնների 120-ից ավելի բժիշկների մասնակցությամբ: Միջոցառումն իրենց ներկայությամբ պիտի պատվեն Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ու դրսից ժամանած հյուրեր:
Այս առնչությամբ, Խաչիկ Գալստյանն ասաց, ինքը տեղեկություններ չունի Գագիկ Ծառուկյանի կողմից ինսուլիսն դեղամիջոց ներկրելու մասին: Նրա խոսքով, «Մուլտի գրուպ» ընկերությանն է պատկանում Երեւանի դեղագործական ֆաբրիկան, որը վաղուց կա դեղորայքի շուկայում:
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանն էլ NEWS.am-ին տեղեկացրեց, որ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը եւս չի մասնակցի այդ միջոցառմանը:





























