Ընդունված է կարծել, թե աշխարհում, մասնավորապես Հայաստանում տարբեր տեսակի բռնությունների ենթարկվող սեռը իգականն է` կանայք: Դրա ապացույցն է նաեւ բռնության ենթարկվող կանանց իրավունքների պաշտպանությունը ստանձնած հասարակական բազմաթիվ կազմակերպությունները, գործող թեժ գծերը, որոնց միջոցով տղամարդկանց կողմից բռնության ենթարկված կանայք հայտնում են իրենց հետ կատարված դրամատիկ դեպքերի մասին:
Տղամարդիկ եւս պարբերաբար ենթարկվում են բռնությունների: Ճիշտ է`դեպքերի մեծ մասում այդ բռնությունները չեն դրսեւորվում ապտակի, աքացու տեսքով, սակայն բոլորովին այլ տեսք են ունենում, որոնք ոչ պակաս ցավալի են: Տարօրինակ է, սակայն, որ Հայաստանում չկան տղամարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներ, որոնք, ասենք, վիճակագրություն կներկայացնեին, թե նրանց ո՞ր տարիքային խումբն է առավելապես խոցելի` բռնությունների առումով, ի՞նչ տեսակի բռնությունների են ենթարկվում` տնտեսական, հոգեբանական, ֆիզիկական, սեռական եւ այլն, եւ հոգեբանական ու իրավական ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերվում նրանց:
NEWS.am-ի փնտրտուքները` հայտնաբերելու նման ՀԿ-ներ, ապարդյուն անցան: ՀԿ-ների գրանցմամբ զբաղվող ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված են միայն տղամարդկանց սեռական առողջության խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ: Հայաստանյան ՀԿ-ների տվյալների բազայում նույնպես տղամարդկանց հարցերով զբաղվող ոչ մի ՀԿ չգտանք:
Ինչո՞վ սա բացատրել: NEWS.am-ի հարցումը տղամարդկանց շրջանում վեր հանեց այս հարցի պատասխանը` պատճառը «նորին մեծություն» ազգային մենթալիտետն է:
Պարզվեց` հայ հասարակության մեջ ամոթ է խոսել տղամարդու` կնոջ եւ ընտանիքի այլ անդամների կողմից բռնությունների ենթարկվելու մասին: Այդ մասին խոսելով տղամարդը նվաստանում է հասարակության աչքում, դառնում պատվազուրկ եւ խոցելի:
«Հայաստանում բռնության են ենթարկվում շատ տղամարդիկ, սակայն նրանցից ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել այդ մասին: Եվ եթե Հայաստանում գործի տղամարդկանց նկատմամբ ռնություններով զբաղվող որեւէ ՀԿ, ապա այն, համոզված եմ, անելիք չի ունենա: Ոչ այն պատճառով, որ բռնության դեպքեր չեն արձանագրվում, այլ քանի որ ոչ մի տղամարդու պատիվ չի բերի իր խնդիրներով գնալ-դիմել որեւէ կազմակերպության: Նա կգերադասի իր մեջ պահել իրեն տանջող խնդիրներն ու լուռ տառապել, քան ծամոն դառնալ հասարակության բերանում»,-նշեց հարցված տղամարդկանցից մեկը` 39-ամյա տնտեսագետ Խաչիկ Մամիկոնյանը:
Ի դեպ, որպես բռնության ամենահաճախ կիրառվող դրսեւորում` հարցված տղամարդիկ նշեցին «ֆինանսական եւ տնտեսական բռնությունները»:
«Ես ենթարկվում եմ հոգեբանական ճնշման դստերս կողմից, քանի որ նա ինձ գնել է տալիս ինչ-որ բան, եթե անգամ մոտս գումար չի լինում: Առավոտյան որդիս եւ եղբորս որդին ֆիզիկական բռնություն են կիրառում` քնից հանելով ինձ, իսկ կինս ֆինանսական բռնության է ենթարկում` պարբերաբար գումար ուզելով»,-հայտարարեց հարցման մեկ այլ մասնակից` մասնագիտությամբ պատմաբան 32-ամյա Լեւոն Նազարյանը: Նա նաեւ հավելեց, որ ընտանիքի անդամների կողմից բռնաճնշումներին դիմակայում է` կատարելով նրանց պահանջները:
Ֆիզիկական բռնության ենթրակվելու մասին հարցը տղամարդկանց մոտ դժգոհություն առաջացրեց: Նրանք բոլորը պնդեցին, որ իրենց կանանց կողմից ծեծի կամ այլ խոշտանգումների` ի դեմս գլխին իջեցված թավայի կամ հատակ մաքրող փայտի, չեն ենթարկվել: «Ֆիզիկական բռնության ընդունակ են երեւի թե այն կանայք, ովքեր Նազիկի ուժն ունեն»,-հայտարարեց հարցվածներից մեկը` նկատի ունենալով ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանին:
Ի դեպ` NEWS.am-ի հարցումները բացատահայտեցին հայ տղամարդկանց հոգեբանական առանձնահատկություններից մեկը: «Ենթարկվե՞լ եք արդյոք սեռական բռնության» հարցը լսելուն պես նրանց դեմքից չքացավ նախորդ հարցերից առաջացած մռայլությունն` իր տեղը զիջելով զվարթությանն ու պայծառությանը: Պարզվեց` նրանք թեեւ չէին ենթարկվել սեռական բռնության, սակայն բոլորն անխտիր դեմ չէին լինի, եթե իրենց նկատմամբ նման փորձ արվեր: «Ուր էր, թե ենթարկվեի….»,-բաղձալից տոնով հառաչեց հարցվածներց մեկը: Մասնագետները նմանատիպ խոստովանություններին տալիս են հետեւյալ ախտորոշումը` սեռաքաղց:
Հ.Գ. Կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ` հաջորդիվ:
Պատրաստեց Հեղինե Մանուկյանը





























