Ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ապրիլի 30-ին կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն մարզի Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանը: Քիչ առաջ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Երեւան են մեկնել են ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրից:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում ամուսնության նպատակով առեւանգել են 16-ամյա մի աղջկա (նախաքննության շահերից ելնելով անունը չենք հրապարակում):

Աղջկա հայրն աշխատում է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 16-ամյա աղջկա առեւանգման փաստով նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական վարչության Աշտարակի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ: Քննիչի որոշմամբ, Մ. Բադալյանը ձերբակալվում  եւ պահվում է ոստիկանության Աշտարակի բաժնի Ձերբակալվածների պահման վայրում: Նրա հանցակից 3 ընկերների նկատմամբ արդեն հայտարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկն աշխատում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:

Ապրիլի 30-ին քննիչի միջնորդությամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դռնփակ դատական նիստ, որտեղ քննիչը միջնորդում է որպեսզի Մ. Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը: Դատավորը բավարարում է միջնորդությունը եւ արդեն դատարանից նրան տեղափոխում ՁՊՎ, որտեղ էլ Մ. Բադալյանը մենախցում սավանով կախվելու միջոցով ինքնասպան է լինում: Նա խցում մենակ է եղել: Գյուղացիները պատմել են, որ նա թողել է գրություն: Տեղի ունեցածի առթիվ, Հայաստանի ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: