Գերմանիայում բնակվող մի խումբ ադրբեջանցի քաղաքական ներգաղթյալներ բողոքի ցույց են անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի դիմաց:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանրահավաքն անցկացվել է որպես բողոքի նշան Ադրբեջանում ոստիկանության բռնությունների դեմ բողոքի:

Բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալների նկարներով եւ տարբեր կարգախոսներով պաստառներ էին բերել, ինչպես՝ «Դատել Վիլայաթ Էյվազովին» եւ «Դադարեցրեք ոստիկանության բռնությունը»:

Ցուցարարները դատապարտել են «Ենի Յասամալ» բազմահարկ շենքում արագ արձագանքման գնդի մարտական ​​գործողությունները, որոնք ուղեկցվել էին քաղաքացիների դեմ դաժանությամբ, եւ պահանջել են պատժի ենթարկել նրանց, ովքեր թույլատրել են օպերացիան, մասնավորապես՝ ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովին:

Նախկին «խղճի բանտարկյալ», լրագրող Աֆգան Մուխթարլին կոչ է արել Գերմանիայի կառավարությանը «վերանայել իր վերաբերմունքը բռնապետներին»: Նրա կարծիքով՝ Գերմանիան չպետք է համագործակցի Ադրբեջանի հակաժողովրդավարական ռեժիմի հետ:

«Նավթի եւ գազի հետ կապված խնդիրների պատճառով ԵՄ-ն չպետք է անտարբեր մնա Ադրբեջանում հակաժողովրդավարական գործողությունների, զանգվածային ծեծի եւ քաղաքացիների ձերբակալությունների նկատմամբ»,- ասաց Մուխթարլին: