Վարչապետ Սքոթ Մորիսոնը ներողություն է խնդրել այն հայտարարության համար այն մասին, որ Ավստրալիայում «ստրկություն չի եղել», այն բանից հետո, երբ նրա մեկնաբանությունները վրդովմունք եւ մեղադրանքներ էին առաջացրել առ այն, որ նա անտեսում է հարկադիր աշխատանքի պատմությունը երկրում, հայտնում է CNN- ը:
Ելույթ ունենալով Կանբերայում կայացած մամուլի ասուլիսին՝ Մորիսոնը ասել է, որ նա ի նկատի ուներ հենց այն փաստը, որ Նոր Հարավային Ուելսում առաջին ավստրալիական գաղութը ստեղծվել է առանց ստրուկների լայնածավալ օգտագործման: «Ես չեմ ցանկացել որեւէ մեկին վիրավորել իմ հայտարարությամբ, եթե ինչ-որ մեկը վիրավորված է զգում, ես խորապես զղջում եմ դրա համար եւ ներողություն եմ խնդրում»,- ասել է Մորիսոնը՝ հավելելով, որ ինքը բնիկ ավստրալացիների իրավունքների կրքոտ ջատագովն է:
«Ես պարզապես փորձում էի շեշտել, որ մեր պատմության մեջ մենք խնդիրներ ունեցել ենք, մենք խոստովանել ենք դրանք, ես դրանք խոստովանել եմ, եւ մենք պետք է լուծենք դրանք»:
Ավելի վաղ Մորիսոնը, խոսելով Black Lives Matter բողոքի ցույցերի մասին Միացյալ Նահանգներում եւ կոչերի մասին հանել բրիտանացի հետազոտող Ջեյմս Քուքի արձաններն ամբողջ աշխարհում, որի ժամանումն Ավստրալիա ճանապարհ էր հարթել եվրոպական առաջին գաղութի համար, ասել էր. «Իմ նախնիները եւ նախահայրերը եղել են Առաջին եւ Երկրորդ նավատորմերում (գաղթական բանտարկյալների): Դա բավականին դաժան տեղ էր, բայց Ավստրալիայում ստրկություն չկար»:





























