ՏՄՊՊՀ նախագահն այս ամբիոնից ասաց, որ այո, դիմակների խնդիրը կա, նաեւ պարետը արձանագրեցին, որ դիմակները, որ նախկինում 20-30 դրամ էին, այսօր 200 դրամից էժան չկա։ Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա, մենք բոլորս ասում ենք՝ համաճարակը կտեւի մեկ տարի, երկու տարի, ընդհուպ մինչեւ հինգ տարի, մեկ քաղաքացին, եթե չի օգտագործելու կեղտոտ, ճմրթված, հակահիգիենիկ դիմակ, որ ոստիկանից վախենալով պիտի ջեբից հանի դնի կեղտոտ դիմակը բերանին, որ դա տասնապատիկ ավելի վնաս է, առնվազն օրվա մեջ 2-3 անգամ դիմակը պետք է փոխի, հաշվարկ եմ արել, մեկ քաղաքացու չափումներով ամսական գալիս է 15-17 հազար դրամ:

Եթե ընտանիքում 4 մարդ է, մոտավորապես 80 հազար դրամ։ Գոնե այն մեր հայրենակիցները, ովքեր ներառված են աղքատության սոցիալական սանդղակում, ես կարծում եմ, որ Հայաստանում աղքատություն շատ ավելի մեծ է, բայց ապավինենք պաշտոնական վիճակագրությանը՝ 24-25 տոկոս»,-ասաց Զոհրաբյանը:

Նա կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին անախպահով քաղաքացիներին ապահովել դիմակներով. «Դրանց  արդյունավետությունը ես անկեղծ ասած չգիտեմ, որովհետեւ դիմակի վրա երկու «ոչ» կա՝ արեւի ժամանակ չօգտագործել, անձրեւի ժամանակ չօգտագործել։ Հիմա մենք այս դիմակներով քայլում ենք արեւի տակ։

Ես չեմ ուզում պանիկա գցել, Ձեզ կփոխանցեմ մի եվրոպական հեղինակավոր բժշկական կազմակերպության եզրակացությունը այդ դիմակները արեւի տակ կրելու եւ դրանց հետեւանքների մասին։ Ես կարծում եմ, որ հիմա ժամանակը չէ, նաեւ մենք ունենք հրաշալի բժիշկներ ՍՊԻԴ կենտրոնում, ես նայել եմ նրանց գնահատականը միջազգային կառույցներում, չգիտեմ՝ նախարարության հետ առճակատման մեջ ով է սխալ, ով՝ ճիշտ, բայց կարծում եմ՝ հիմա դրա ժամանակը չէ։

Հիմա պետք է օգտագործել բոլորի պոտենցիալը, պետք է օգտագործել բոլորի ներուժը, որովհետեւ եթե պարտվելու է ինչ-որ մեկը, ապա պարտվելու ենք մենք բոլորս միասին, ապա  պարտվելու է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին»,-ընդգծեց նա: