ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է հունիսի 19-ին նշանակված իր նախընտրական հանրահավաքի հետաձգման մասին՝ ելնելով Ազատության օրվա (Juneteenth Holiday) հանդեպ հարգանքից, որին համընկել էր հանրահավաքի անցկացման օրը:

«Նախկինում Թալսում, Օկլահոմա նահանգ, մեր հանրահավաքը մենք նշանակել էինք հունիսի 19-ին. դա մեծ գործ է: Այդուհանդերձ, այդ օրը, ցավոք, համընկնում է Ազատության օրվան: Աֆրոամերիկացիների շարքերում իմ ընկերներից եւ համախոհներից շատերը դիմել են օրվա տեղափոխման առաջարկով՝ այդ տոնի եւ այն ամենի հանդեպ հարգանքից ելնելով, ինչը ներկայացնում է այդ կարեւոր իրադարձությունը:

Այս պատճառով ես որոշել եմ մեր հանրահավաքը հետաձգել շաբաթ՝ հունիսի 20-ին, որ բավարարեմ նրանց խնդրանքը»,- Twitter-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հավելել է, որ արդեն 200 հազար մարդուց հանրահավաքի տոմսերի հայտեր են ստացվել: