Շաբաթ Հյուսիսային Կորեան կրկին հարձակվել է հարեւան Հարավային Կորեայի վրա՝ Սեուլին կոչ անելով դադարեցնել ապամիջուկայնացման «անհեթեթ» խոսակցությունները եւ խոստանալով ընդլայնել իր ռազմական հնարավորությունները, հայտնում է Associated Press-ը: 

Այս հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Հվոն Ցուն Գանը՝ Հարավային Կորեայի ԱԳՆ այն հայտարարությունից հետո, որ Սեուլը կշարունակի աշխատել երկկողմ հարաբերությունների բարելավման եւ Փհենյանի ու Վաշինգտոնի միջեւ միջուկային բանակցությունների վերսկսման ուղղությամբ:

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն այս կերպ էր արձագանքել հարեւան երկրի հայտարարությանը, որում նշվում էր, որ Սեուլի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունները «փլուզված» են, իսկ մրցակցին սպասում են «տխուր եւ ցավագին ժամանակներ»:

Հվոնի խոսքով, որը Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ԱՄՆ-ի հետ գործերով դեպարտամենտի ղեկավարն է, անիմաստ է լսել հարավկորեական իշխանություններին, որոնք քննարկման համար չունեն ո՛չ բավարար որակավորում, ո՛չ դիրքորոշում, որպեսզի քիթը խոթեն «Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարցերի մեջ, այդ թվում՝ նաեւ միջուկային հարցերի»:

«Ես ցանկանում եմ հստակեցնել, որ մենք կշարունակենք մեծացնել մեր ուժը, որ դիմակայենք Միացյալ Նահանգների մշտական սպառնալիքներին, եւ մեր այս ջանքերը ներկա պահին շարունակվում են»,- ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Մենք այլեւս այնպիսին չենք, ինչպիսին էինք երկու տարի առաջ: Փոփոխությունները շարունակվում են եւ կշարունակվեն, ինչպես միշտ, ահռելի տեմպերով: Ավելի լավ է դադարեցնել ապամիջուկայնացման մասին անհեթեթ խոսակցությունները»,- հավելել է նա: