Կորեայի աշխատանքի կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը, ով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրն է, հայտարարել է, որ Փհենյանը մտադիր է առաջիկայում «հաջորդ քայլը» նախաձեռնել հարավկորեական կողմի հանդեպ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՑՏԱԿ-ը:
«Կարծում եմ, որ, իհարկե, եկել է հարավկորեական կողմի հետ հարաբերությունները խզելու ժամանակը: Մենք շուտով կնախաձեռնենք հաջորդ քայլը (Սեուլի հանդեպ),- նրա խոսքերն է մեջբերում ՑՏԱԿ-ը,- Ես, օգտագործելով գերագույն առաջնորդի, մեր կուսակցության եւ երկրի կողմից ինձ տրված իշխանությունը, թշնամու հետ փոխգործակցության բաժնին հանձնարարել եմ վճռականորեն կատարել հաջորդ քայլը»:
Կիմ Յո Չժոնը նաեւ նշել է, որ հետագա քայլերի վերաբերյալ որոշումների կատարումը, որոնք Փհենյանը կձեռնարկի Սեուլի առնչությամբ, «կդրվի Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի վրա», հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ՑՏԱԿ-ը հրապարակել էր ԿԱԿ Կենտրոնական կոմիտեի Միացյալ ճակատի բաժնի վարիչ Չժան Գիմ Չխոլի հայտարարությունը, որում ասվում էր, թե ԿԺԴՀ-ն կորցրել է Կորեայի Հանրապետության իշխանությունների հանդեպ վստահությունը եւ զգուշացրել է Սեուլին «դժբախտ ու ցավալի ժամանակների» մասին՝ կապված հարավկորեական կողմից քարոզչական թռուցիկների տարածման շուրջ հակասությունների հետ:
Հունիսի 9-ից ԿԺԴՀ-ն արգելափակել է Հարավային Կորեայի հետ հաղորդակցման բոլոր ուղղությունները՝ ի պատասխան հարավկորեացիների կողմից հյուսիս քարոզչական թռուցիկներ ուղարկելուն: Մասնավորապես, անջատվել են մշտական միջկորեական կապի գրասենյակում բոլոր հեռախոսները, այդ թվում՝ Հյուսիսի եւ Հարավի զինվորականների միջեւ կապուղիները, ինչպես նաեւ երկու երկրների ղեկավարությունների միջեւ թեժ գիծը, որը միացնում էր ԿԱԿ Կենտրոնական կոմիտեի շենքը եւ Կորեայի Հանրապետության նախագահի նստավայրը:





























