Շուշիի ազատագրման օպերացիայում հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակների շարքի սիրտն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Շուշիի ազատագրման օպերացիայում հաղթանակը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի հաղթական ոգու պահպանման հարցում, այն մեր պատմության կարեւոր եւ անմոռանալի էջերից է», - հայտարարեց պատգամավորը:
Մայիսի 8-ին լրանում է ռազմավարական նշանակության Շուշի քաղաքի ազատագրման բացառիկ օպերացիայի 19-ամյակը: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի շրջանում Շուշին վերածվել էր ադրբեջանական զինվորական հենակետի։ Հակառակորդը, օգտագործելով քաղաքի բարձրադիր դիրքը, արդեն 1991 թվականի ավարտին սկսեց գնդակոծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Իրավիճակը կտրուկ վատացավ 1992 թվականի փետրվարին, երբ ադրբեջանցիներն սկսեցին «Գրադ» զինատեսակ օգտագործել:
Օպերացիան սկսվեց 1992 թվականի մայիսի 8-ի գիշերը՝ 02։45-ին։ Շուշին պաշտպանում էր մինչեւ ատամները զինված 2500 ադրբեջանցի զինվորական։ Հայկական կողմից հարձակմանը մասնակցում էր 3800 կամավոր՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տոր-Թադեւոսյանի գլխավորությամբ։ Ճակատը եղել է 45 կմ։ Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով։
Կայծակնային արագությամբ իրականացված օպերացիան թույլ տվեց այն անցկացնել նվազագույն մարդկային կորուստներով։ Հայկական կողմը կորցրեց 58 մարտիկ, ադրբեջանական կողմը՝ շուրջ 200։





























