Մենք մեր սկզբունքներից չենք հրաժարվելու, մենք կարողացանք կասեցնել Կոնդի ծրագիրը եւ ամբողջությամբ վերանայել եւ եկանք եզրահանգման, որ բաց մրցույթ պետք կազմակերպել։ Կոնդում դա կարողացանք, Ֆիրդուսում՝ ոչ։ Այս մասին Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

«Ֆիրդուսում սեփականությունն անցել է տարբեր ներդրողների։ Անշարժ գույքն այնտեղ արժի 70 միլիոն դոլար։ Շարունակելու ենք բանակցել, եւ ամեն մի հարցի շուրջ, Ֆիրդուսի եւ մյուս թաղամասերի թեմաներով, մենք պատրաստ ենք քննարկել։ Ֆիրդուսի հետ կապված ուզում եմ ասել, որ բավականին մեծ տարածք արդեն քանդվել է։ Ես մեծացել եմ Բուրջ Համուդ թաղամասում, բայց շատ վատ վիճակում է։ Եկեք ֆիքսենք, որ կա ծրագիր, կան խնդիրներ, եկեք հավաքվենք եւ փորձենք լուծում տալ։ Առաջ եղել է՝ իրացրել են 6-700 դոլարով»։

Այդ պահին վեճ է ծագել նրա եւ նիստին մասնակցող փաստաբան Կարապետ Բադալյանի միջեւ, վերջինն ասել է, եթե կոռուպցիոն ռիսկեր եք տեսնում, ինչո՞ւ, որպես կառավարություն չեք զբաղվում այդ խնդրով, Սիսեռյանը պատասխանել է, որ 2018թ․ հունիսի 1-ին է նշանակվել եւ նախորդ շրջանում կատարվածի հետ ինքն առնչություն չունի եւ Բադալյանը պետք է դիմի համապատասխան մարմիններին։ Փաստաբանն էլ պնդել է, որ նա պետք է զբաղվի այդ հարցով․

«Սա Բուրջ Համուդը չի»,- հայտարարել է Կարապետ Բադալյանը։

«Ի՞նչ է նշանակում Բուրջ Համուդը չի», դժգոհ տոնով  հարցրել է Սիսեռյանը։

«2005 թվականին, սկսել է Բադալյանը՝ Սիսեռյանի նույն, կրկնվող «Ինչ է նշանակում Բուրջ Համուդը չի» հարցին զուգահեռ,- հարցը տվել եք՝ լսեք, 2005 թվական, Գլենդել Հիլզ․․․

Սիսեռյանը նորից է կրկնել իր հարցը, սակայն նիստը վարողն ընդհատել է վեճը, նշելով, որ Սիսեռյանը շտապում է։