2011 թ. հունվարի 1-ից Հայաստանում զբոսավար աշխատել ցանկացողներն այլեւս լիցենզիա ստանալու կարիք չունեն: Այդ մասին այսօր` մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը; Նրա խոսքով` մինչ այդ որոշումը 130 մարդ արդեն իսկ ուներ նման լիցենզիա:

Ըստ Ապրեսյանի` լիցենզավորման կարգից հրաժարվելը պայմանավորված է տնտեսական դաշտը ազատականացնելու կառավարության մարտավարությամբ;

Սակայն Հայ զբոսավարների գիլդիայի ղեկավար Սվետլանա Սարգսյանի կարծիքով` զբոսավարները պարտադիր պետք է լիցենզավորվեն: «Զբոսավարն է զբոսաշրջիկի մոտ ներկայացնում երկրի դեմքը: Եթե ամեն պատահական մարդու դա վստահվի, մեր երկիրը պարզապես կտուժի»,- ասաց Ս. Սարգսյանը;

Նրա հետ համակարծիք է նաեւ Զբոսավարների միությունների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) փոխնախագահ Ֆելիսիտաս Վրեսլինգը, որը Երեւանում գտնվելով` այսօր նույնպես մասնակցում էր մամուլի ասուլիսին: Նրա կարծիքով` Հայաստանում նույնացնում են տուրիստ- մենեջերը տուրիստ-գիդի հետ, այնինչ վերջինս բոլոր երկրներում էլ պարտադիր գործում է լիցենզիայի հիման վրա: