ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ Լիբիայում ռազմական գործողությունների ընթացքում Մուամար Քադաֆին կոչնչացվի: Նրա խոսքով, արեւմտյան կոալիցիան հարվածներ կհասցնի Ջամահիրիայի ռազմական եւ այլ օբյեկտներին եւ նրա առաջնորդը կարող է դառնալ հենց այն բռնության զոհը, որն ինքն է հրահրել;

Քլինթոնը Քադաֆիին խոչընդոտ է համարել քաղաքական խնդիրների լուծման ճանապարհին, տեղեկացրել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ապրիլի վերջին ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը եւ Լիամ Ֆոկսը Պենտագոնում ունեցած հանդիպումից հետո հայտարարել էին, որ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի բունկերը օրինական թիրախ է` ՆԱՏՕ-ին օդային հարվածների համար:

Նման հայտարարություն է արվել` ի պատասխան Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի քննադատության: «Նրանք ասացին, որ չեն լինի զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Այժմ այնտեղ մահանում է խաղաղ բնակչությունը: Ասել էին, թե չեն ցանկանում ոչնչացնել Քադաֆիին: Այժմ որոշ պաշտոնյաններ ասում են, որ անհրաժեշտ է նրա ոչնչացումը: Մի՞թե դատ եղել է»,- նշել էր Պուտինը: