Երեւանում այսօր` մայիսի 7-ին ժամը 16:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արշակունյաց պողոտայում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել BMW մակնիշի 08 ՍԼ 141 եւ «ՎԱԶ 2103» մակնիշի 63 ՍՍ 622 համարանիշի ավտոմեքենաները:
Ավտովթարը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում, «Ջերմուկ գրուպ» ընկերության դիմաց: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ երկու ավտոմեքենաներն էլ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված հատվածում: «ՎԱԶ-2103»-ը, որը գրեթե մտել է «Ջերմուկ Գրուպի» տարածք, վնասել է դռան ապակիները:
Վթարի վայրից մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 մարդ:
Դեպքի վայր էին ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Սամվելյանը: Նրա հանձնարարականով դեպքի վայր են ժամանել քարշակ ավտոմեքենաները, որպեսզի վթարված ավտոմեքենները տեղափոխվեն տուգանային հրապարակ: Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները վթարի վայր են ժամանել վթարիվ շուրջ 40-45 րոպե անց:











Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























