Հունիսի 16-ից Գերմանիայում պաշտոնապես կթողարկվի սմարթֆոնների համար հավելվածը, որը նախազգուշացնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգի մասին, հաղորդում է dpa գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ շնորհանդեսին կմասնակցեն Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը, ՆԳ նախարար Հորսթ Զեհոֆերը եւ դաշնային կանցլերի վարչության ղեկավար Հելգե Բրաունը։

Հավելվածը պետք է նպաստի, որ հնարավոր լինի հետեւել եւ դադարեցնել կորոնավիրուսով վարակվելու շղթաները։ Դա կգրանցի սմարթֆոնների օգտատերերի տեղաշարժն ու կծանուցի վարակված մարդու հետ շփման մասին։

Եթե այն մասին, որ մարդը վարակված է, ավելի ուշ հայտնի դառնա, ապա բոլոր բջջային հեռախոսները, որոնք գտնվել են վարակվածի բջջային սարքի հարեւանությամբ, կստանան հատուկ ծանուցում, հաղորդում է DW-ը։

Հավելվածը կաշխատի անլար անհատական Bluetooth տեխնոլոգիայի միջոցով եւ, փորձագետների գնահատմամբ, չպետք է ծախսի շատ էներգիա։ Այն ցանկացած պահի կարող է հեռացվել սմարթֆոնից, եւ դրա տեղադրումը չի կրի պարտադիր բնույթ։

Ավելի վաղ այդպիսի հավելվածներն արդեն թողարկվել են մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում եւ Ֆրանսիայում։