ԱԱԾ-ում ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործով, նա ունեցել է վկայի  դատավարական կարգավիճակ, սակայն կասկածյալի իրավունքներով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Դրանից առաջ Իշխան Զաքարյանը ոչ մի ծանուցում չի ստացել, այսօր առավոտյան տանը խուզարկություն է եղել, հետո հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, որը տեւել է 4 ժամ»,-ասաց նա:

Նրա խոսքով` տան խուզարկությունից ոչինչ չեն առգրավել, զենքերն էլ օրինական են եղել։ 

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:30-ին, Ազգային անվտանգության աշխատակիցները մտել են նաև ՀՀ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատուն՝ փորձելով գտնել ինչ-որ թղթեր՝ կապված 2017թ. Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Խուզարկությունից հետո Իշխան Զաքարյանին տարել են ԱԱԾ: