Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» ակումբում մայիսի 7-ին, կեսգիշերն անց մի քանի քաղաքացիներ վիճաբանել են ակումբի տնօրենի եւ ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցների հետ, հայհոյել են նրանց եւ խանգարել ակումբի աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ըստ ոստիկանության` վիճաբանողներից մեկը եղել է 35-ամյա Կարեն Ա-ն:
Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները` նա փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում նրա մոտից վայր է ընկել «Գլոկ» տիպի ատրճանակ: Կարեն Ա-ն, սակայն, բռնվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:
Նշված ակումբից խուլիգանություն կատարելու կասկածանքով բեման է ենթարկվել նաեւ 35-ամյա Հովիկ Է-ն եւ 30-ամյա Անդրանիկ Գ-ն: Ատրճանակն առգրավված է, հանգամանքերը պարզվում են, կատարվում է քննություն:
Նշենք, որ ըստ NEWS.am-ին հասած տեղեկությունների` վիճաբանության մասնակիցներից մեկը` Անդրանիկ Գ-ն, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի եղբոր որդին է: Նա իր շրջապատի ներկայացուցիչների հետ անսթափ վիճակում փորձել է մտնել «Այսբերգ», սակայն ակումբի անվտանգության աշխատողները թույլ չեն տվել, ինչի հետեւանքով սկսվել է վեճ եւ ծեծկռտուք:
Ըստ լուրերի` Շիրակի մարզպետի եղբորորդին եւ նրա ընկերները եղել են Porsche եւ Mercedes GWagen մակնիշի մուգ գույնի մեքենաներով:





























