Առավոտից Գեղարքունիքի մարզի ԲՀԿ պատասխանատուները բերման են ենթարկվել, տարբեր գյուղերի պատասխանատուների տներ են մտել, առգրավվել են անգամ 5 տարեկան երեխաների հեռախոսները։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նշենք, որ Ծառուկյանը մոտ 8 ժամ է, որ հարցաքննվում է մի քանի քրեական գործերի շրջանակում՝ վկայի կարգավիճակով։ ԱԱԾ բակում են հավաքվել քաղաքացիներ, խմբակցության անդամներ։ Ոստիկանության աշխատակիցները կեսօրից սկսած բերման են ենթարկում քաղաքացիների։ Բերման ենթարկվածների թիվն անցնում է հարյուրը։
«Սահմանված 7 ժամը գումարած ընդմիջման ժամկետը լրանում է ժամը 22։00-ին։ Հույս ունեմ, որ իշխանությունը չի գնա իրավիճակի ծայրահեղ լարվածության, սրման։ Մենք 45 րոպե հետո կտեսնենք Գագիկ Ծառուկյանին, եթե ոչ, ապա ԲՀԿ-ն պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին, բոլոր հնարավոր զարգացումներին, պատրաստ ենք նրան, որ մեզ կարող են կալանավորել, գալ ԱԺ, զրկել անձեռնմխելիությունից զրկել, կարող են տարբեր քրեական գործեր հարուցել, կարող են բոլորիս անձնական կյանքեր քիթները խոթել, կարող են շանտաժներ իրականացնել, սակայն ոչ մի գործիք չի ազդելու, որովհետեւ հարգարժան իշխանություն, դուք անցել եք բարոյականության կարմիր գիծը, անցել եք հնարավոր կարմիր գծերը։ Կարծում եմ, որ դուք վերջին հնարավորությունն ունեք Հայաստանում գործընթացները չդարձնելու անդառնալի եւ անշրջելի»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։
Լրագրողի դիտարկմանը, որ երկրում արտակարգ դրություն է, եւ վտանգավոր է հավաքներ իրականացնել, Զոհրաբյանն ասաց. «Ինչպես նշեց վարչապետը, համաճարակը կարող մեկ կամ երկու տարի տեւել, մենք պիտի հասկանանք, որ չենք կարող այդքան ժամանակ Հայաստանում ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները։ Մարդիկ իրավունք ունեն ունենալու անհամաձայնություններ»։
Լրագրողը նշեց, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարել է, թե ամեն ինչ արվում է իրավական դաշտում, Զոհրաբյանն ասաց. «Պարզ քաղաքական տրամաբանություն է, երբ ԲՀԿ-ի հատուկ նիստից հետո գործի դրվեց ձեզ հայտնի Հովհաննեսի կողմից, ազգանունը չեմ հիշում, ֆեյք ինդուստրիալ։ Երբ իշխանության բոլոր պատգամավորները, մարզպետները մարզպետների կոֆե եփողները, ավագանիները, ավագանիների կոշիկի կապերը կոճկողները սկսեցին ամենաայլանդակ հայհոյանքներով, անձնակա վիրավորանքներով հեղեղել սոցիալական ցանցերը։ Որեւէ ադեկվատ հակափաստարկ չբերվեց Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված բավական զուսպ մտահոգություններին, երբ այսօր 2017 թե 2012 թվականի ինչ-որ դեպքեր… 2012 թվականին մենք Գեղարքունիքում ունեցել ենք մեծամասնականով առաջադրված պատգամավոր Վազգեն Պողոսյան։ Նա ասել է, որ որեւէ նման տեղեկատվություն, թե իրեն փող են տվել, չկա։ անհեթեթ գործ են ուզում սարքել, բնականաբար, նշյալ խաղատան մասով համապատասխան հայտարարությամբ հանդես կգան նաեւ կառավարիչները։ Այդ ամենը մեզ հիմք է տալիս պնդելու, որ տեղի ունեցածը քաղաքական հաշվեհարդար է»։
Հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն՝ մինչեւ քաղխորհրդի նիստ անցկացնելը տեղյա՞կ է եղել հարուցված քրեական գործերի մասին, Զոհրաբյանն ասաց, որ տեղյակ չեն եղել. «Եթե ձեզ թվում է, քրեական գործերով հնարավոր է պարոն Ծառուկյանի կամ մեզնից որեւէ մեկին վախեցնել, ապա մենք մեր հատուկ նիստը չէինք անի։ Միանշանակ կանխատեսում էինք, որ այդ գործերը լինելու էր բոլոր մեր գործընկերների նկատմամբ»։
Հարցին՝ ի՞նչ են առգրավվել Ծառուկյանի առանձնատնից, պատգամավորն ասաց. «Ինչ-որ թղթեր էր, բայց ինձ հաջողվեց մի բան տեսնել, Ծառուկյանի որդու հարսանիքի հրավիրատոմսը տեսա, որը հետաձգվում է։ Հարսանիքի հրավիրատոմսից ինչ առավել կարեւոր «կրիմինալ» փաստաթուղթ են առգրավվել, ես տեղյակ չեմ»։











