Չնայած իրանական հրթիռով ՄՈւԱ ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը խոցելու փաստին՝ Թեհրանը դեռեւս չի ստանձնել պատասխանատվություն աղետի համար։ Իրանն ապացուցում է, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել մարդկային սխալի հետեւանքով։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինա-ն։

Ընդ որում՝ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Ուկրաինան պնդում է, որ աղետի պատճառների մասին խոսել կարելի է միայն հետաքննության ավարտից հետո։

«Մենք գտնում ենք, որ պատճառների մասին պետք է խոսել միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ կավարտվի ինչպես տեխնիկական, այնպես էլ քրեական հետաքննությունը, եւ կպարզվեն այդ ողբերգության բոլոր հանգամանքները»,-հայտարարել է Ենինը։

Հիշեցնենք, որ ՄՈւԱ ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց։ Ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր իրանցի զինվորականների արձակած հրթիռի միջոցով։ Ողբերգության հետեւանքով զոհվել էր 176 մարդ։