Արցախյան պատերազմի ավարտից հետո մարշալներ ու գեներալներ դարձան մարդիկ, ովքեր թաքնվում էին խրամատներում: Այսպիսի հայտարարություն է արել արցախյան հերոսամարտի մասնակից, Մարտակերտի ու Ֆիզուլիի գրավման սակրավորների ջոկատայիններից Մուշեղ Սավոյանը:

«Իմ անուշադրության, հոգնածության պատճառով, կանգնեցի չականազերծված վայրում` ականից 10 սմ-ի վրա ու պայթեցի, զրկվեցի ոտքերիցս հիմա երկուսն էլ  պրոթեզից է»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Մուշեղ Սավոյանը: Հիմա սակայն, ըստ Մուշեղի, թանկարժեք «Ջիպեր», շքանշաններ կրողներին ինքը չի ճանաչում: «5000 հոգի էինք, որ գնացինք, շատերը չվերադարձան, հիմա ցուցակներով 25 հազար, 30 հազար են ազատամարտի մասնակիցները ու բոլորը թոշակ են ստանում: Խոտն ու մոլախոտը խառնվեց, դրա համար էլ մեզ էլ արտոնություններից զրկեցին»,- ասել է նա: ու պարզաբանել, որ խոսքը այն արտոնությունների մասին է, որ ունեին Արցախյան հերոսամարտի մասնակիցները 90-ականներին: Նրանք վճարում էին կոմունալ ծախսերը 50 տոկոսով, հիմա այդ արտոնությունից զրկված են: