«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից եւ  «Ցուրուգա» ատոմակայանի շարժիչը սառեցնող հեղուկում ռադիացիայի մակարդակի բարձրացման մասին  տեղեկատվության տարածումից հետո,  ավելի քան 10 հազար ճապոնացիներ շաբաթ օրը դուրս էին եկել Տոկիոյի փողոցներ` պահանջելով դադարեցնել երկրի բոլոր միջուկային ռեակտորները: 

«Ատոմային էներգետիկան չի անցնի: Կփակենք ոչ միայն «Խամաոկա» ատոմակայանը, այլեւ` բոլոր ատոմակայանները»,- վանկարկել են ցուցարարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցուցարարների գերակշիռ մասը երեխաների հետ եկած ծնողներ էին եւ ուսանողներ:

Հիշեցնենք, որ մարտի 11-ի Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին հաջորդած ցունամիից հետո «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում գրանցվել են մի շարք վթարներ, որոնք ի հայտ են եկել սառեցման համակարգի շարքից դուրս գալու պատճառով: Արդյունքում ատոմակայանում տեղի է ունեցել ռադիացիայի արտահոսքի մի քանի դեպք, ինչը ստիպել է իշխանույթյուններին տարհանել ատոմակայանից 20 կմ հեռավորությամբ ապրող մարդկանց:

Ավելի ուշ տարածվել է տեղեկատվություն, որ Ճապոնիայի մի շարք շրջանների օդում, ծովի եւ խմելու ջրերում, ինչպես նաեւ սննդի մեջ հայտնաբերվել են ռադիոակտիվ տարրեր, մասնավորապես, յոդ եւ ցեսիում: