Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը (ԾԲՄ/PCM) գրանցել է «Լիդիան» ընկերության իրականացրած Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Ջերմուկ խոշորացված համայնքի՝ ներառյալ Գնդեվազ գյուղի բնակիչների բողոքը: Այս մասին ասված է ՎԶԵԲ-ի հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բնակիչների բողոքին աջակցող հ/կ-ներին ուղղված ԾԲՄ-ի նամակում նշված է, որ բողոքը համապատասխանում է գրանցման չափորոշիչներին և հրապարակված է ԾԲՄ-ի ռեեստրում :

«Նամակում նշված է, որ բողոքի գնահատման փուլում անհրաժեշտ է մշակել տեխնիկական առաջադրանք համապատասխանության ստուգման համար.

Քննարկել Կողմերի հետ խնդրի լուծման և համապատասխանության գործառույթները, դրանց ծավալը և հնարավոր արդյունքները

Պարզել Կողմերի պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր գործառույթին՝ հաշվի առնելով այդ գործառույթների միջև դիմումատուների նախապատվությունները

Դիտարկել բողոքի լուծմանն ուղղված ցանկացած այլ ջանքերի վիճակը, եթե դա ընդունելի է

Գնահատել և որոշել, թե ինչ շարունակություն է ունենալու բողոքը»:

Հաղորդագրությունը  նշում է, որ Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները՝ ներառյալ Գնդեվազ գյուղի, ՎԶԵԲ-ից պահանջել են հրաժարվել «Լիդիան» ընկերությանը ֆինանսավորելուց, քանի որ ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ծրագիրը չի համապատասխանում բանկի սոցիալական և բնապահպանական քաղաքականությանը․

«Բնակիչներին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական-կրթական ՀԿ-ն և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը»: