Ալավերդի քաղաքում այսօր` մայիսի 8-ին ժամը 00:30-ի սահմաններում մարդկային զոհերով դժբախտ պատահար է տեղի ունեցել (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդի քաղաքի Լեն հանքեր թաղամասում 29-ամյա Մհեր Հակոբյանը վարելով «Մերսեդես Բենց Ե-280» մակնիշի 25 ՍՏ 571 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, կամրջի վրայից գլորվել ցած, ապա շրջվել Լալվար գետը:

Վթարի հետեւանքով վարորդը, ուղեւորներ 21-ամյա Ռազմիկ Կոստանյանը, 20-ամյա Ալբերտ Շահվերդյանը եւ 22-ամյա Գոռ Նալբանդյանը գետում խեղդվել եւ մահացել են: Նրաց դիակները գետից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Թումանյանի տարածաշրջանի փրակարարները:

Դեպքի վայրում էին նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Թումանյանի բաժնի աշխատակիցները` Լոռու մարզի ոստիկանության պետ ոստիկանության գնդապետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում են ոստիկանության Լոռու մարզի քննիչները` մարզի քնչչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի գլխավորությամբ:

Ականատեսները նշել են, որ բոլոր 4 երիտասարդներն էլ նույն թաղամասի բնակիչներ են: Նրաանք այդ օրը հրավիրված են եղել ծննդյան տարեդարձի եւ վերադառնալիս են եղել ռեստորանից:

Ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի