Մայիսի 7 –ին հայտնի է դարձել, որ Ալ Քաիդայի եմենցի գաղափարախոս Անվար ալ Ավլակիին ոչնչացնելու ԱՄՆ իշխանությունների փորձերն անհաջող են եղել: Անվար ալ Ավլակիին ներկայումս համարում են աշխարհի գլխավոր ահաբեկիչը, հողորդում է «Վզգլյադ» պարբերականը:

Ինչպես CBS –ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության աղբյուրը, Եմենում ավիահարվածի թիրախը եղել է հենց Ավլակին, ով այդ  պահին այնտեղ չի գտնվել: Փոխարենը սպանվել են Ալ Քաիդայի տեղական կառույցի երկու ղեկավարներ:

Միջազգային ահաբեկչական Ալ Քաիդա կազմակերպության եմենյան կառույցը, որը հայտնի է նաեւ «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» անվանումով, համարվում է ամենակտիվ խմբավորումներից:

Անվար ալ Ավլակին, ով ծնվել եւ մեծացել է ԱՄՆ-ում Եմենից տեղափոխվածների ընտանիքում, Կոլորադոյի համալսարանում ուսանելու տարիներին տարվել է արմատական իսլամի գաղափարախոսությամբ:  ԿՀՎ ցուցակում նա ընդգրկված է այն անձանց շարքում, որոնք  առանձնահատուկ ահաբեկչական սպառնալիք են ներկայացնում եւ ենթակա են անհապաղ ոչնչացման: