Գիշերը Դաղստանի Կուլլար գյուղում Ադրբեջանի քաղաքացիների եւ ռուսական ոստիկանության ուժերի միջեւ բախումներ են տեղի ունեցել: Տուժել է մոտ 50 ադրբեջանցի, 100-120 մարդ ձերբակալվել է, հաղորդում է Turan-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանցիները փորձել են երթով հասնել սահմանի մոտ, սակայն բերման են ենթարկվել: «Այստեղ մարդիկ արդեն 2 ամսի է՝ սպասում են հայրենիք վերադառնալու թույլտվությանը: Երեկ հայտարարվեց անձանց ցուցակը, որոնք հայտնվել են վերադարձողների հերթական խմբում: Շատերին զայրացրել է այն, որ ցուցակում հայտնվել են նրանք, ովքեր վերջերս են ժամանել: Ավելի ուշ բոլորը դուրս են եկել եւ սկսել բողոքի ակցիան՝ շարժվելով դեպի սահման: Ոստիկանությունը խոչընդոտել է եւ փորձել բերման ենթարկել նրանց: Ապա ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, որից հետո օդ կրակոցներ են արձակել եւ սկսել մարդկանց հարվածել մահակներով»,-հայտնել է աղբյուրը:   

Այսօր Ադրբեջան է ուղարկվել 200 մարդ: Ցուցակում կրկին վերջերս ժամանածներն են: