Այս տարի լրանում է Ադրբեջանի կողմիցառավելապես հայերով բնակեցված Ղարաբաղի Շահումյան շրջանի էթնիկ զտումների 28-ամյակը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ժամին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ Շահումյանի գրավումը եւ այս շրջանի հայ բնակչության դուրս մղումը վկայում են, որ Ադրբեջանը մտադիր էր նմանատիպ քաղաքականություն իրականացնել ամբողջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
«Միայն 90-ականների մեր հաղթանակների շնորհիվ մենք կարողացանք խուսափել նմանատիպ իրավիճակի կրկնությունից Ղարաբաղում: Կցանկանայի նշել, որ վերջերս Հայաստանի եւ Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունները համապատասխան հայտարարություններով հանդես եկան: Շատ կարեւոր է նաեւ, որ այդ օրը Շահումյանի շրջանի բնակիչները նույնպես հայտարարեցին տեղի ունեցածի մասին»,- շեշտեց Հայրապետյանը:
Պատգամավորը նաեւ նշեց, որ ապագայում Շահումյանին վերաբերող հարցը պետք է ներառվի ղարաբաղյան կարգավորման բանակցությունների օրակարգում:





























