Կաննի 2011թ. փառատոնում կցուցադրվեն ներկայումս իրենց երկրում կալանքի տակ գտնվող իրանցի երկու կինոռեժիսորների ֆիլմերը:
Ջաֆար Փանահի «Սա ֆիլմ չէ» ժապավենը կներկայացվի փառատոնի պաշտոնական ծրագրում, մայիսի 20-ին: Մահմադ Ռասուլոֆի «Ցտեսություն» ֆիլմը կներկայացվի մայիսի 14-ին «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչները հայտարարել են, որ երկու ֆիլմերն էլ նկարահանվել են կիսագաղտնի պայմաններում եւ վերջին օրերին են հայտնվել իրենց տրամադրության տակ, գրում է Lenta.ru-ն:
Երկու ռեժիսորներն էլ ձերբակալվել են 2010թ. մարտի 1 -ին հակակառավարական գործունեության մեղադրանքով: Նրանք դատապարտվել են վեց տարվա ազատազրկման, ինչպես նաեւ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու 20-ամյա արգելքով:
Կաննի 64-րդ կինոփառատոնը կբացվի մայիսի 11-ին, ժյուրիի նախագահը Ռոբերտ դե Նիրոն է:





























