Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասացիացիայի (АСЕАН) անդամ-երկրները Ջակարտայում մայիսի 7-ին բացվող գագաթնաժողովում սկսում են տեսանելի հեռանկարում ընդհանուր վիզային ռեժիմի ներդրմանն ուղղված աշխատանքները:
«АСЕАН-ի միասնական վիզայի տրամադրումը կիրականացվի նույն սկզբունքով, որը ներկայումս ընդունված է Եվրամիության երկրներում», -հայտնել է Ինդոնեզիայի արտգործնախարար Մարտի Նատալեգավան, գրում է Gazeta.ru-ն:
АСЕАН-ի ընդհանուր վիզային համակարգը, ամենայն հավանականությամբ, կներդրվի 2015թ-ին, որը համարվում է նաեւ Հարավարեւելյան Ասիայի երկրներում միասնական սերտ ինտեգրացիոն ընկերակցության ստեղծման ժամկետ:
Ներկայումս АСЕАН-ը միավորում է Հարավարեւելյան Ասիայի տասը երկիր, որոնց թվում են Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Բրունեյը, Մալայզիան, Մյանմարը, Սինգապուրը, Թայլանդն ու Ֆիլիպինները: Այս գագաթնաժողովում կքննարկվի նաեւ Ասիայի ամենաերիտասարդ պետության` Արեւելյան Թիմորի` АСЕАН-ին անդամակցելու հայտը:





























