Հայաստանում հեռուստաալիքների մի մասը քաղաքական ուժերի կողմից դիտարկվում է որպես քարոզչական գործիք: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Նա նշեց, որ այսօր հեռուստաալիքների մի մասն աշխատում է առանց կոմերցիոն շահի, սակայն որոշները նման խնդիր են դնում իրենց առջեւ: Նրա խոսքով՝ կոմերցիոն հիմքով աշխատող հեռուստաալիքներին մնում է կամ սպասարկել քաղաքական ուժերի շահերը կամ անհետանալ:
ՀՌԱՀ նախագահը խոստովանեց, որ հեռուստաալիքների իրական սեփականատերերին դժվար է նշել, նման իրավիճակ է նկատվում ամբողջ աշխարհում:
«Օրինակ Գերմանիայում բոլոր քաղաքական ուժերին եւ կրոնական կազմակերպություններին թույլատրվում է հեռարձակում իրականացնել մուլտիպլեքսի շրջանակում: Արտասահմանյան գործնկերների կարծիքով՝ հսկողության առավել արդյունավետ մեթոդ է կոնտենտի բովանդակության սահմանափակումները: Արդյունքում քաղաքական ուժերի համար աննպատակահարմար է դառնում նման թանկ հաճույքը»,-ասաց Հակոբյանը:
Նա նաեւ հայտնեց, որ աուդիովիզուալ մեդիայի ոլորտում ծրագրվող օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս խստացնել հեռուստաալիքների կոնտենտի նկատմամբ պահանջները:




























