Մեղադրանքի կողմը հանդես եկավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի դեմ:

Վերաքննիչ դատարանի նիստում ելույթ ունենալիս դատախազ Գեւորգ Բաղդասարյանը, ի թիվս այլոց, վկայակոչեց «Դատալեքս» կայքը եւ նշեց, որ քննության վրա ազդեցության ռիսկի վկայությունն է մեղադրանքը: Նրա խոսքով՝ անկյունաքարը ներքաղաքական գործընթացներին բանակի ներգրավումն է, ապացույցների կեղծման փորձերը եւ վկաների վրա ճնշումները: «Փաստեր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելով՝ ազդեցություն է գործել, ներկայացված չեն»,- հայտարարեց դատախազը՝ հավելելով, որ խոսքը ռիսկերի մասին է, այլ ոչ միայն գործողությունների:

Դատավորը հետաքրքրվեց՝ դատախազի նշած հանգամանքներին Ռոբերտ Քոչարյանի անմիջական կապի մասին տվյալներ կա՞ն: Ի պատասխան դատախազը ստիպված էր ընդունել անհրաժեշտ ծավալի փաստերի բացակայությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելով ռիսկերի վրա: «Ենթադրենք՝ խոսքը վերաբերում է նրա երեխաներին: Բայց եթե փաստեր չկան անմիջական կապի վերաբերյալ, գուցե երեխան ցանկանում է, որ ավելի լավ լինի, իսկ նա տեղյակ էլ չէ»,- շարունակեց դատավորը: Դատախազի կարծիքով՝ Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն ընտանիքում հեղինակություն ունի, կարելի է դիտարկել այս ենթատեքստում: Դրանից հետո դատախազը կրկին սկսեց դատողություններ անել ռիսկերի մասին:

Այդտեղ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք հայտնեց դատավորի գործողությունների կապակցությամբ: «Դատարանը քննարկում է հանգամանք, որը դրված չէ առաջին ատյանի դատարանի որոշման հիմքում, եւ անգամ չի ուսումնասիրվել»,- նշեց փաստաբանը:

Դատախազի դիրքորոշումը հստակեցնելու համար դատավորը եւս մի քանի հարցեր ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ենթադո՞ւմ են արդյոք մեղադրանքի հղումները Քոչարյանի նախկին կարգավիճակին նույնիսկ նրա կալանքի դեպքում քննության վրա ճնշման իմաստ, եւ արդյոք ավելի արդյունավետ չի՞ լինի նրա ազատության մեջ գտնվելը երեխաների գործողությունների զսպման առումով: Պատասխանը բացասական էր: Դատավորը նաեւ հետաքրքրվեց՝ ճնշման ռիսկերը չի՞ նվազեցնում արդյոք այն հանգամանքը, որ Քոչարյանն արդեն 12 տարի իշխանության չէ, իսկ նրա նախկին ենթակաները ամբաստանյալի աթոռին են: Պատասխանն, ըստ էության, կրկին բացասական էր: «Ինչպիսի՞ առավել ռիսկեր կան: Չէ՞ որ խոսքը մարդու մասին է, ում բոլորը ճանաչում են, եւ ում հանդիպումները չեն կարող աննկատ մնալ»,- շարունակեց դատավորը: Դատախազը հայտարարեց, ոո հսկողության միջոցներն անսահման չեն, իսկ ազդեցության տարբերակները բազմաթիվ են:

Դատախազը անհրաժեշտ համարեց պաշտպանել դատավոր Աննա Դանիբեկյանին՝ բազմաթիվ բացակայությունների առումով եւ պաշտպանական կողմին կշտամբել իրադարձությունների սխալ մեկնաբանման համար: Դատախազի կարծիքով՝  դատավարության ձգձգման պատճառը ոչ թե դատավորի բացակայություններն են, այլ պաշտպանական կողմի խափանման միջոցի փոփոխման եւ դատավորին ինքնաբացարկի մասին միջնորդությունները:

Մեղադրող կողմի եւ տուժած կողմի ներկայացուցիչների ելույթներից հետո, որոնք դեմ հանդես եկան միջնորդագրին, տուժածների եւս մեկ ներկայացուցչի փաստաբան Տիգրան Եգորյանը խոսքի իրավունք ստացավ եւ ցանկացավ միջնորդությամբ հանդես գալ: Պարզվեց, որ միջնորդությունը երկար է եւ շատ ժամանակ կպահանջի, ուստի Եգորյանը խնդրեց հետաձգել նիստը՝ ավելի լավ պատրաստվելու համար:

Պաշտպանության կողմը պարզաբանեց, որ Եգորյանի մասնակցությունը, ընդհանուր առմամբ, անտեղի է, բայց եթե դատարանը անհրաժեշտ է համարում, ապա պաշտպանությունը համաձայն է դատարանի կարծիքի հետ:

Չբավարարվելով որոշումից՝ Եգորյանը որոշեց բանավիճել իր մասնակցության թեմայի շուրջ:

Նիստը կշարունակվի հունիսի 18-ին ժամը 10-ին: