Կրոնական ազատությունների խնդիրը մշտապես Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում կարեւոր խնդիրներից է եղել: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացակայանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ Հայաստանը միացել է ԱՄՆ նախաձեռնած հավատքի ազատության համար Միջազգային դաշինքին, որը հիմնվել է այս տարվա փետրվարին, դրա կազմում կա 29 երկիր:

«Շատ դիտորդներ կարծում են, որ կազմակերպության գործունեությունն ուղղված է Չինաստանի դեմ: Ինչպես հայտնի է, Վաշինգտոնը պարբերաբար բարձրացնում է Սինցզյանում բնակվող ույղուրների իրավունքի հարցը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Հայաստանում դաշինքին միանալու որոշումը ոչ միանշանակ է ընդունվել, իսկ որոշ փորձագետները մտավախություն են հայտնել, որ դա կհանգեցնի Չինաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը:

«Մենք ժողովուրդ ենք, որն ունի փորձ՝ կողք-կողքի բնակվելու այլ կրոնների ներկայացուցիչների հետ: Մերձավոր Արեւելքի երկրներում կան իրենց համայնքները, որոնք ազգային եւ կրոնական փոքրամասնություն են համարվում»,-ասաց նախարարը՝ նշելով, որ Հայաստանը ղեկավարվում է սեփական շահերով եւ ազգային առաջնահերթություններով:

Նախարարը նաեւ նշեց, որ դաշինքը որեւէ պրակտիկ որոշում չի ընդունում: «Յուրաքանչյուր պետություն իր նախաձեռնությունն է ներկայացնում եւ առաջարկում մեխանիզմներ դրանց իրականացման համար»,-նկատեց ԱԳՆ ղեկավարը:

Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, Մնացականյանի խոսքով, Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ երբեք չի համագործակցում մի պետություն հետ՝ ի վնաս մյուսի: