Այս օրենսդրական փաթեթի նպատակն է ապահովել հավաստի տեղեկություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը, երաշխավորել խմբագրական անկախությունը եւ կարծիք արտահայտելու ազատությունը: Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովի նիստում «Տեսալսողական մեդիայի» մասին օրինագծի եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը:

Նախաձեռնությունը պետք է փոխարինի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքին, որը, պատգամավորների կարծիքով, այլեւս չի համապատասխանում ժամանակի պահանջներին:

Խորհրդարանականը նշեց, որ դրանից բացի, օրենսդրական փաթեթի նպատակն է անկախ մարմնի ապահովումը, որը կարգավորում է մեդիա ոլորտի ծառայությունները, տեսալսողական տարածքի զարգացումն ու անվտանգությունը, տարատեսակ տեսալսողական ծրագրերի տրամադրումը:

Նախագծում սահմանված է տեսալսողական մեդիա ծառայություններ, տեսալսողական տեղեկություններ տարածողների կարգավիճակը, կարգավորված են լիցենզավորման, թույլտվության եւ լուսաբանման կարգը, իրավունքների եւ պարտականությունների հիմքերը, ինչպես նաեւ գործունեության ժամանակ ծագող փոխհարաբերությունները:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակների կարծիքով, որոնց թվում է ակնհայտ արեւմտամետ պատգամավոր Արման Բաբաջանյանը, սպասվում է, որ օրինագծի ընդունումը կբարձրացնի հանրային հեռարձակման արտադրանքի որակը, կստեղծի բարենպաստ իրավական դաշտ, ինչպես նաեւ հավասար մրցակցային միջավայր, ինչը կապահովի լրագրության որակի, մեդիագրագիտության բարձրացումը, կհանգեցնի ատելության դրսեւորումների նվազմանը, մեդիայի կառավարումն ավելի արդյունավետ կդարձնի, կնպաստի լրատվամիջոցներում սեփականության իրավունքների թափանցիկությանը, ինչպես նաեւ կապահովի մեդիայի արտադրանքի հուսալիությունը եւ պատասխանատվության անհատականացումը:

Օրենսդրական նախաձեռնությամբ ուժեղանում է նաեւ պետական լեզվի պաշտպանությունը, առաջարկվում է անցում կատարել հայերենին՝ անկախ հեռուստաալիքների սեփականության ձեւից: Ներառվել է պահանջ այն մասին, որ այլ լեզուներով տեսալսողական ծրագրերը կրկնօրինակվեն, հնչեն հայերեն կամ հեռարձակվեն ենթագրերով: Եվ սա այն դեպքում, երբ հիմա մասնավոր հեռուստաալիքները իրավունք ունեն եթերային ժամանակի մինչեւ 45 տոկոսը հեռարձակելու ոչ պետական լեզվով, մասնավորապես ռուսերենով (ծրագրեր, որպես այդպիսին, չկան, խոսքը հիմնականում գեղարվեստական ֆիլմերի մասին է):       

Ընդ որում՝ օտարերկրյա հեռարձակողները պետք է բացառվեն Հայաստանի հանրային մուլտիպլեքսից: Նշենք, որ այս կետի տակ են ընկնում հիմնականում ռուսական հեռուստաալիքները, որոնք վերահեռարձակվում են Հայաստանում: Նոր իշխանությունները նշում են, որ արգելքը պայմանավորված է «տեղեկատվական եւ լեզվի անվտանգության» նկատառումներով:

Նշենք, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հիմա հեռարձակում են 18 ալիքներ, որոնցից երեքը ռուսական են՝ «Ռոսիա ՌՏՌ», «Կուլտուրա», «Առաջին ալիք»:

Դրանից բացի, օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է բացառել ժամանակային սահմանափակումները՝ նախատեսված ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակման համար, ինչը սկզբունքորեն կարող է հանգեցնել այդ ծրագրերի վերացմանը, քանի որ հեռուստաալիքները չեն սահմանափակվի որեւիցե պարտավորությամբ: