Ախր շատ վատ եմ վերաբերվում դրան: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ին, «Հայրենիք» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունների համախմբումը եւ իշխանությանը հիմնական ընդդիմախոս դառնալը:
«Ոչ թե նրա համար, որ դա ինչ-որ բանով անհանգստացնում է, այլ այն առումով, որ հիմա ՀՀԿ-ի բեկորները, Միքայել Մինասյանի ազդեցության տակ ընկած բեկորները, ինչ-որ այլ երկրների ազդեցության տակ ընկած բեկորները հավաքվում են մի տեղում եւ անցյալում իրենց ունեցած դերն ունենալով, փորձում են մեզ հետ մրցել եւ փաստացի քաղաքացու մոտ նորից ընտրությունը լինում է անցյալի եւ այսօրվա միջեւ: Իրենք պետք է հեռանան դաշտից, պետք է նոր մարդիկ գան»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հավելեց, որ դա նաեւ իշխանություններին է վնասում. «Որովհետեւ չենք կարողանում այլ բանից խոսել: Հիմա ո՞նց չասես, որ այս մարդը էսինչ թալանչիի հետ կապ ունի եւ այսինչ թալանչիի փողերով է գործում: Հետո մեզ մեղադրում եք, ասում եք՝ ինչի՞ եք անցյալից խոսում: Եթե անցյալը գալիս է ու իր մեդիաներով փորձում է օրակարգ ձեւավորել՝ ստերով, հնարքներով, մխրճվում է ձեռքի հետ ոչնչացնելով ամբողջ ընդդիմադիր դաշտը, այն դաշտը, որտեղ նոր ձեւավորվող ընդդիմադիր ուժերը այդ ռեսուրսները չունեն, դա շատ վատ է: Դա այսօրվա իշխանության ամենամեծ խնդիրն է:
Այդ առումով վատ եմ վերաբերվում, իսկ քաղաքական մրցակցության առումով ես սպասում եմ իրենցից յուրաքանչյուրին ընտրությունների բանավեճի ժամանակ: Թող գան, տեսնեմ՝ ինչ են կարողանալու խոսել եւ արդյոք ՀՀ քաղաքացիներին բան ասել: Արթուր Վանեցյանը, Արա Սահակյանը, Դաշնակցությունը, իրենք որեւէ մեկին ճանաչո՞ւմ են Հայաստանում, թե՞ իրենց թվում է, որ իրենց ընկերներով իրար հետ քեֆի են գնում վերնախավով, դա նշանակում է, որ իրենք ՀՀ քաղաքացիներին ճանաչում են: Քանի՞ գյուղ են գնացել, քանի՞ հասարակ մարդ են ճանաչում: Ասում են՝ մենք եկել ենք հայրենիքը փրկելու: Ի՞նչ հայրենիք, հլա մի հատ հայրենիքով պտտվեք, տեսեք հայրենիքում ձեզ ճանաչո՞ւմ են, կամ ուզո՞ւմ են: Չեն խաբի ժողովրդին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:











