Ժողովրդավարությունը Հայաստանում հետընթաց է ապրում։ Այս մասին ասվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 17-ին տեսակոնֆերանսի միջոցով Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպման արդյունքներով։
Հանդիպմանը ներկա են եղել ԵԺԿ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ-երկրներից կուսակցությունների առաջնորդներ։
Նշվում է, որ ԵԺԿ-ն վաղեմի եւ ակտիվ դեր է խաղում Արեւելյան գերծընկերության գործընթացում։ «Կուսակցությունը շարունակում է հավատարիմ մնալ այս նախագծին, որը մեր արեւելյան հարեւաններին մոտեցրել է եվրոպական չափանիշներին, ճանաչել է նրանց ձգտումները եւ դարձել է իրական ուժ՝ փոփոխությունների, ժողովրդավարացման եւ բարեփոխումների համար: Ռուսաստանի սպառնալիքով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը եւ անվտանգության իրավիճակը շարունակում են մնալ մեր օրակարգի հիմնական խնդիրներից մեկը: Սա եւս մեկ պատճառ է, որպեսզի հստակ ռազմավարություն եւ քաղաքական տեսլական մշակվի` 2020-ից հետո ընկած ժամանակահատվածում գործընկերների հետ մեր համագործակցության ընդլայնման համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Արեւելյան գործընկերության երկրներում տիրող իրավիճակի համատեքստում նշվել է, որ ԵԺԿ-ն կնպաստի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների առաջընթացին՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ օգտագործելով քաղաքական կամք՝ համաձայնագիրը լիովին վավերացնելու եւ իրագործելու համար:
«Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ ընդդիմության վրա ճնշումներ գործադրելուց»,- նշում է ԵԺԿ-ն:





























