Նման քննարկումներ ձեր նշած կուսակցության հետ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է տարբեր կուսակցությունների հետ համախմբվելու գործընթացին միանա նաեւ ՀՀԿ–ն։

«Ես չեմ սիրում քաղաքականության մեջ «Կիկոսի մահը»,– ասաց նա։

Անդրադառնալով մամուլում տարածված թեղեկոթւյուններին, թե ընդդիմադիր դաշտում ճակատ է ձեւավորվում՝ ի դեմս ՀՅԴ, ԲՀԿ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ» կուսակցությունների, որոնք առաջիկա օրերին, գուցե՝ վաղը, համագործակցության հուշագիր կստորագրեն, Զոհրաբյանն ասաց. «Ամեն ինչ էլ հնարավոր է, բնակականաբար, եթե համագործակցում ենք, պետք է լինի նաեւ համագործակցության հուշագիր, որտեղ մենք կնշենք մեր առաջիկա մարտավարական եւ ռազմավարական քայլերը»,– ասաց պատգամավորը։

Հարցին, թե բացառո՞ւմ են մերժված ուժերի հետ համագործակցելը, Զոհրաբյանը պատասխանեց. «Ծառուկյան Գագիկն այդ հարցին հստակ պատասխանել է, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաեւ մեր կողմից։ Եթե կարծում եք, որ նույն հարցը տարբեր սոուսներով, մանանեխով, առանց մանանեխի, կետչեւպով, մայոնեզով, տարբեր անկյուններով տալով ստանալու եք այն պատասխանը, որ ճպացնեք վերնագիր՝ «Նա չբացառեց», ինձնից առնվազն, որպես նախկին լրագրողի չեք ստանալու ձեր երանելի նախադասությունը»։

Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ «Իմ քայլ»–ականները նշում են, որ Գագիկ Ծառուկյանը գիտեր, որ քրեական հետապնդում էր լինելու, դրա համար էլ քաղաքական հայտարարություն արեց, ինչպես նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ է նշված, որ նյութերը նախապատրաստվել են դեռ ամիսներ առաջ, Զոհրաբյանն ասաց. «Արթուր Դավթյանն իր միջնորդության մեջ ինչ ասես կարող էր նշել, կարող էր նշել, որ նյութերը դեռեւս նախապատրաստվել են խորը միջնադարում կամ մ.թ.ա. 6–րդ դարում»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք են շարունակելու ԱԺ նիստերը բոյկոտել, ինչին Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այս պահին չեմ կարող ասել, մենք կքննարկենք։ ԱԺ նստաշրջանը փակվել է, առաջիկայում կլինեն արտահերթ նիստեր, մենք կքննարկենք այդ արտահերթ նիստերին մեր մասնակցությունը կամ չմասնակցությունը»։

Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ ԲՀԿ–ականների եւ նրանց հարազատների տներում կատարված խուզարկություններին. «Մեր պատգամավորների, մեր տարածքային բոլոր պատասխանատուների, պատասխանատուների մորքուրների, հորքուրի գանձերի, քեռու հարսների, բաջանաղների բոլորի տներում խուզարկություն իրականացվել է, առգրավել են՝ համակարգիչ, հեռախոսներ, երեխաների հեռախոսները, որոնցով նրանք հեռավար իրենց դասերն են անում. հույս ունեմ այս խառնակ ժամանակները կանցնեն։ Բոլորիդ մաղթում եմ արեւային, ամառային տրամադրություն, ամե ինչ լավ է լինելու։ Ես դատարանից 1 ակնկալիք ունեմ, որ դատարանը քաղաքական պատվեր չկատարի եւ վճիռ կայացնող դատավորը հավատարիմ մնա ՀՀ Քրեական օրենսգրքին, արդարադատությանը, ոչ թե կատարի քաղաքական պատվեր»։

Լրագրողները հետարքրվեցին նաեւ իր գրասենյակում կատարված խուզարկությունից. «ԲՀԿ կենտորանական գրասենյակում, որտեղ վերջին անգամ եղել եմ երեւի 3 կամ 4 տարի առաջ խուզարկություն է իրականացվել, իրենց ասելով, ինչ որ թղթեր են ման եկել, որպեսզի ինչ որ կապ գտնեն Նաիրա Զոհրաբյանի եւ… Լսեք նաիրա Զոհրաբյան եւ ընտրական կեղծիք, հասկանո՞ւմ ե ք. դա եթե 21–րդ դարի աբսուրդների բառարան կամ հանրագիտարան հրատարակվի՝ «Նաիրա Զոհրաբյան–ըտրական կեղծիք». էլ ուրիշ բան չեմ ուզում ասել»։