Եվրոպական կառավարությունները Միացյալ Նահանգների հետ աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերակառուցելու պլանների ուղղությամբ, հայտարարել է եվրոցի բարձրաստիճան պաշտոնյան՝ ազդարարելով, որ Եվրոպան կիսում է որոշ մտավախությունները, որոնք Վաշինգտոնին ստիպեցին հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, փոխանցում է Reuters-ը:
Անանունություն հայցող պաշտոնյայի խոսքով՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Իտալիան Միացյալ Նահանգների հետ տեխնիկական մակարդակով քննարկել են ԱՀԿ-ի բարեփոխումները:
Նպատակը ԱՀԿ-ի անկախության ապահովումն էր: «Մենք քննարկում ենք ԱՀԿ արտակարգ իրավիճակների կառավարման մեխանիզմի անջատման ուղիները որեւէ այլ երկրի ազդեցությունից»,- ասել է պաշտոնյան:
Ըստ պաշտոնյայի՝ բարեփոխումները կներառեն ԱՀԿ ֆինանսավորման համակարգի փոփոխությունները՝ այն ավելի երկարաժամկետ դարձնելու համար: Ներկայումս կազմակերպությունը գործում է երկամյա բյուջեով, որը «կարող է վնասել ԱՀԿ-ի անկախությանը», եթե արտակարգ իրավիճակների ֆոնին այն ստիպված լինի միջոցներ հավաքել դոնոր երկրներից, ասել է պաշտոնյան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ-ին մեղադրել էր Չինաստանի ազդեցության տակ լինելու համար եւ հայտարարել էր, որ ԱՄՆ դուրս կգա այդ կազմակերպությունից:
Եվրոպական երկրները ժամանակ առ ժամանակ կոչ էին անում ԱՀԿ-ի բարեփոխում իրականացնել, բայց ընդհանուր առմամբ պաշտպանում էին կազմակերպությունը Վաշինգտոնի խիստ քննադատությունից: Եվրոպական դիրքորոշումը որպես կանոն կայանում էր նրանում, որ ցանկացած բարեփոխում պետք է իրականացվի միայն կորոնավիրուսի ճգնաժամին արձագանքը գնահատելուց հետո:
Սակայն անցյալ շաբաթ ԵՄ առողջապահության նախարարների տեսակոնֆերանսի արձանագրությունները ցույց տվեցին, որ եվրոպական երկրներն ավելի կոշտ դիրքորոշում ունեն եւ հետագայում նաեւ ձգտում են ավելի մեծ եվրոպական ազդեցություն ունենալ ԱՀԿ-ում: Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախարարներն իրենց գործընկերներին հայտարարել են, որ «ԱՀԿ-ն գնահատման եւ բարեփոխումների կարիք ունի»:
Սա ավելի ուժեղ ձեւակերպում էր, քան՝ անցած ամիս ընդունված բանաձեւում, որը մշակվել էր ԵՄ-ի կողմից եւ ընդունվել էր ԱՀԿ բոլոր 192 երկրների կողմից: Բանաձեւում կոչ էր արվում գնահատել արձագանքելը կորոնավիրուսի ճգնաժամին, բայց այն բարեփոխումների կոչ չէր պարունակում:
Գերմանիայի եւ Ֆրանսիայի նախարարները նաեւ ասել են իրենց գործընկերներին, որ «ԵՄ-ն եւ դրա անդամ երկրները պետք է ավելի կարեւոր դեր խաղան գլոբալ մակարդակում»:





























