Հունգարիայի քաղաքականության մեջ ներգրավված հասարակական կազմակերպություններին դեռ անհրաժեշտ կլինի տեղեկատվություն տրամադրել իրենց արտոնյալ դոնորների մասին: Այս մասին հայտարարել է Վարչապետ Վիկտոր Օրբանն այն բանից հետո, երբ Եվրամիության բարձրագույն դատարանը հայտարարեց, որ Հունգարիայի դիրքորոշումն արտաքին ֆինանսավորման վերաբերյալ խախտում է ԵՄ օրենսդրությունը, փոխանցում է Reuters-ը:

Հունգարական օրենքը  Օրբանի կառավարության կողմից Բուդապեշտում ծնված ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ ունեցած տարաձայնությունների կապակցությամբ անարդար արտաքին ազդեցության դեմ ձեռնարկված միջոցների մի մաս էր:

Օրբանը Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին (ՀԿ-ներ) մեղադրել էր քաղաքական միջամտության մեջ: Սորոսը հերքել էր այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ դա սուտ է՝ հունգարացիներին շեղելու նպատակով կեղծ արտաքին թշնամի ստեղծելու համար:
Ուրբաթ, արձագանքելով ԵՄ դատարանի որոշմանը, Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան կհարգի քաղաքացիական կազմակերպությունների ֆինանսավորման մասին դատարանի որոշումը, սակայն թափանցիկության կանոնները կկիրառվեն:

«Բոլոր հունգարացիները կիմանան քաղաքական նպատակներով արտասահմանից այստեղ ուղարկվով յուրաքանչյուր ֆորինտի արժեքի մասին,- ասել էր նա պետական ​​ռադիոյին:- Դատարանի այս որոշմանը հետեւելը դժվար չէ»:

Ըստ նրա՝ դատարանի որոշումը կապված էր «լիբերալ իմպերիալիզմի» շրջանակների հետ Արեւմտյան Եվրոպայում, որոնք ցանկանում են ընտանեկան խնդիրների, միգրացիայի հարցերում իրենց մտածելակերպը պարտադրել նրանց, ովքեր «այլ կերպ են մտածում», ինչպիսին Հունգարիան է: «Միջազգային դատարանները հաճախ այս ցանցի մաս են կազմում»,- ասել է նա:

Հունգարիայում ծնված Սորոսը հրեա է, ով իր հարստության մեծ մասը ծախսել է ժողովրդավարական եւ իրավապաշտպան խմբերի ֆինանսավորման վրա, բազմիցս Օրբանի կառավարության կողմից հարձակումների թիրախ է դարձել:

2017-ին Հունգարիայի կառավարությունը նախընտրական ընդդեմ միգրանտների քարոզարշավ անցկացրեց 2018-ի ընտրություններին ընդառաջ Սորոսի ժպտացող նկարով եւ հետեւյալ գրառմամբ. «Թույլ մի տվեք, որպեսզի Սորոսը վերջինը ծիծաղի»:

Հունգարիայի հրեական ֆեդերացիաների ֆեդերացիան (Mazsihisz) կոչ էր արել Օրբանին դադարեցնել քարոզարշավը, եւ ի վերջո կառավարությունը դադարեցրեց այն: Այնուամենայնիվ, նա կտրականապես հերքում էր, որ քարոզարշավը հակահրեական էր :