Դատարանում չի ներկայացվեն գոնե մեկ ապացույց, գոնե մեկ փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ անձի անձամբ է կաշառք տվել, կամ որեւէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

«Իսկ այսօր փորձում են հիմնավորել, որ Վարդենիսում ինչ-որ ընտրակաշառքի միջոդեպ է տեղի ունեցել: Ասում են՝ դե եթե Վարդենիսում եղել է, եթե այնտեղ մի քանի հոգի հավաքվել եւ որոշել են նման բան անել, ո՞նց կարող է ղեկավար կազմը դրա մասին չիմանալ: Դե կներեք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ այդուհանդերձ անուններ կան՝ Աբրահամ Մանուկյան, Սեդրակ Առուստամյան, պաշտպանն ասաց. «Մեղադրանքի մեջ որեւէ տեղ չկա, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին ասել է, որ տանեն ընտրակաշառք տան: Նման որեւէ ապացույց չի ներկայացվել: Որեւէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին կաշառք է տվել: Եվ որեւէ ապացույց չկա, որ Գագիկ Ծառուկյանը իմացել է, որ որեւէ մեկին կաշառք են տալիս: Մնացածը ենթադրություններ են, որ ո՞նց կարող է ԲՀԿ որեւէ տարածքում կաշառք բաժանվի, ու ղեկավար կազմը չիմանա եւ դրանից հետո Գագիկ Ծառուկյանը չիմանա: Եթե այս ենթադրությունների վրա ուզում ենք մարդ կալանավորել, էստեղ արդեն

աբսուրդի է հասնում: Երբ մենք շատ մանրամասն ժամկետային ցույց տվեցինք, թե քաղաքական իշխանության ներկայացուցիչներն ինչ փաստաթղթեր էին հրապարակում ֆեյսբուքում, ինչ գրառումներ էին անում, դրանից հետո ոնց է միանգամից խուզարկությունների մտնում ԱԱԾ-ն: Ձեզ խորհուրդ եմ տալիս ԱԱԾ-ի տեսանյութերը նայել, եւ կտեսնեք, որ երբ որ ապացույցներ են երեւում, իրենք թափանցիկ շղարշով  փակում են, որ չերեւա, իսկ այս դեպքում ժամեր տեւած խուզարկություններից երկու րոպեանոց տեսանյութ են հրապարակում, մոտիկ  պլանով փաստաթղթերն են ցույց տալիս, ընդ որում փաստաթղթեր, որտեղ ենթադրյալ պատգամավորներ ինչ-որ գրություններ ունեն: Հիմա եթե որեւէ մեկը կասի, որ ԱԱԾ-ն հատուկ դա չհրապարակեց ամսի 14-ին, որ ԱԺ-ում կարողանան իշխող ուժի պատգամավորները հարցադրումներ անել, եւ ֆոն ստեղծեն, ուրեմն այդ անձը դրա հիմնավորումը թող իր մեջ գտնի»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իշխանություններն իրենց իրավունքներն օգտագործում են քողարկված օրակարգով, իսկ այլ նպատակը ակնհայտ է, որ քաղաքական է: