Ուզում եմ դիմել ընդդիմադիր դաշտում գործող գործիչներին, որպեսզի իրենք թարգեն հեղափոխության շարունակության մասին խոսելը, դա շատ սխալ թեզ է, կան ընդդիմադիր գործիչներ, որոնք ասում են, թե ժողովրդից գողացել են հեղափոխությունը,- այս մասին այսօր` հունիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը` անդրադառնալով վերջին օրերի զարգացումներին:
«Ժողովրդից ոչ ոք ոչինչ չի գողացել, ժողովրդի վրա ի սկզբանե փաթաթվել է արևմտյան տեխնոլոգիաների սցենարը, պետք չէ ժողովրդի մեջ արթնացնել հեղափոխական տրամադրություններ: Դա որևէ լավ տեղ չի տանի»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշմանը, Արա Վարդանյանը նշեց, որ պետք է բոլորս մեր գոհունակությունը հայտնենք դատարանի կայացրած վճիռի առիթով` չնայած բավականին մեծ գումար են պահանջել որպես գրավ, կարելի էր կիրառել երաշխավորության ինստիտուտը և հաշվի առնել վարչապետների դիմումը:
«Ռոբերտ Քոչարյանը դեռ 2 տարի առաջ հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, սակայն, նա, լինելով կալանքի տակ, կարծես թե ավելի պասիվ քաղաքական գործունեության մեջ էր: Եթե այս ամենը մենք դիտարկենք մենամարտի սկզբունքով, ապա նա դուրս եկավ մենամարտի իշխանության դեմ և առաջին ռաունդում կարծես թե ավելի պաշտպանական և դիմացինին ճանաչելու սկզբունքով էր գործում, հիմա գալու է ավելի ակտիվ գործելու ժամանակը: Նախագահ Քոչարյանը կարողացավ անել այնպես, որ ոչ մի բան չանելով, ժողովուրդը հասկանա, թե ում է բերել իշխանության: Նա կարողացավ այս 2 տարվա ընթացքում ողջ հայությանը ցույց տալ, թե ինչ է իսկական ընտանիք լինելը: Ես խոսում եմ իր ընտանիքի անդամների պահվածքի մասին այս ողջ պրոցեսի ընթացքում», », ասել է Արա Վարդանյանը:
Նրա խոսքով` զավեշտալի է տեսնել վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի ընտանիքի անդամների պահվածքը, որը պատիվ չի բերում ոչ միայն իրեն, այլև ամբողջ երկրին: Արա Վարդանյանի բառերով՝ արտաքին աշխարհում Հայաստանի վարչակարգը ծաղրի առարկա է դարձել:
«Մինչդեռ մենք ունենք այլ օրինակ, նախագահ Քոչարյանի ընտանիքը, որը, լինելով բավականին բարդ իրավիճակում, չի արել որևէ սխալ, որևէ վարկաբեկող քայլ»,- ասել է նա:
Անդրադառնալով կառավարության վարած քաղաքականությանն ու հեղափոխության ֆոնին եկած իշխանության գործունեությանը Արա Վարդանյանը նշեց.
«Այս ակտիվ քաղաքականության ռաունդում մենք ունենք մեր դիմաց կանգնած թուլացած ուժ, որը որ մեր ֆեյք Մոնթեն է, որը Մոնթեի գաղափարախոսությամբ ու կերպարով եկավ ու զավթեց իշխանությունը: Որպես ազգ մենք շահել ենք 2 տարի առաջ, մեզ համախմբել են Մոնթեի ու Աբաջյանի կերպարով, քանի որ Նիկոլն իրականության մեջ քաղտեխնոլոգների շնորհիվ կարողացավ ժողովրդի մեջ արթնացնել իրեն` Մոնթեին նմանեցնելու գաղափարախոսությամբ և իհարկե Աբաջյանի կերպարով: Այդ առումով մեր ազգը միանշանակ շահած է: Բայց մեկ այլ խնդիր է, որ ազգը շահել է, իսկ ժողովուրդը պարտվել է, քանի որ ենթարկվել է այդ խաբկանքին, հավատացել է ֆեյք Մոնթեին: Բայց ինչպես իրականությունը ցույց է տալիս, ժողովուրդը շատ արագ կողմնորոշվեց, որ սխալվել է»:
Դիմելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, Արթուր Վանեցյանի կուսակցությանը, և մյուս ընդդիմադիրներին, Արա Վարդանյանն ասաց, որ պետք է գիտակցել, որ այս քաղաքական ռեպրեսիաները չեն սկսվել մի քանի օր առաջ, այլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման առաջին օրվանից:
«Ես ցավ եմ ապրում, որ թե´ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և թե մնացածը, չեն արտահայտել այդ ժամանակ իրենց գաղափարները նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդման նկատմամբ և հույս ունեմ, որ այսօր արդեն, միանալով հետապնդվող ակումբին, դառնալով այդ ակումբի անդամ, իրենք էլ կսկսեն ընդունել, գիտակցել և հայտարարել նաև, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն 2 տարի է ազգաբնակչությունը ենթարկում է քաղաքական ռեպրեսիաների: Իրենք օգտագործել են քաղաքական իմաստով իրենց բոլոր փամփուշտները: Երեկ մեղավոր էին նախագահ Քոչարյանն ու Սարգսյանը, այսօր մեղավոր է ժողովուրդը: Նիկոլ Փաշինյանն հասավ վերջին հանգրվանին, քանի որ դրանից հետո այլևս մեղավորներ չկան»,- ասել է նա:











