ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ լրագրողները փորձում են սեպ խրել պաշտոնյաների, այս դեպքում իր եւ ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջեւ։ Մայիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ ԱԺ նախագահը, նկատի ունենալով իր այն հայտարարությունը, թե աշխատանքից անհարգելի բացակայող պատգմավորներն աշխատավարձից պահումներ անելու ձեւով տույժի կենթարկվեն:
«Բայց ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկին պիտի պատժենք։ Այդ, դուք՝ լրագրողներդ եք փորձում մարդկանց միջեւ սեպ խրել, իմ խոսքը դրված է ԱԺ պաշտոնական կայքում։ Պարոն Հայրապետյանն իմ գործընկերն է, եւ դուք իմ ու նրա միջեւ չեք կարող սեպ խրել։ Ես ասել եմ, որ այն պատգամավորները, ովքեր անհարգելի կբացակայեն, աշխատավարձ չեն ստանա։ Ի՞նչ կապ ունի պատժելը, «պատժել» բառն ո՞վ է օգտագործել, եթե ոչ՝ դուք եք հորինել։ Պատգամավորն ինքն է որոշում՝ գա՞ աշխատանքի, թե չգա։ Ես իմ գործառույթները կատարում եմ, իսկ կգա՞ պատգամավորն աշխատանքի, թե ոչ՝ ինքը թող որոշի։ Պատգամավորն ազատ է իր գործունեության մեջ։ Եթե պատգամավորին ժողովուրդն է ընտրել, նա պետք է աշխատի, եթե չի գալիս, ինչո՞ւ է ընտրվել։ Այ դա ինձ համար անհասկանալի է»,- ասաց ԱԺ նախագահը։
Պատասխանելով հաջորդ գումարման խորհրդարանի երիտասարդացման մասին հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նրանք, ովքեր ԱԺ-ում աշխատելու համապատասխան հնարավորություններ կունենան, կաշխատեն օրենսդիր մարմնում։ «Համ էլ ժողովուրդը պետք է ընտրի եւ կուսակցությունները պետք է ցուցակներ կազմի»,- հավելեց Աբրահամյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս հայտարարել էր, որ աշխատավարձերից պահման տեսքով տույժ կկիրառվի բոլոր այն պատգամավորների հանդեպ, ովքեր անհարգելի պատճառներով կբացակայեն աշխատանքից։
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը համաձայնել էր այդ մտքի հետ՝ միաժամանակ նշելով, որ իր ԱԺ-ն իր տեղը չէ, դրա համար էլ ինքը չի ներկայանում նիստերին։ Նա նաեւ նշել էր, որ խորհուրդ չի տա որեւէ մեկին իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, որովհետեւ ով նման փորձ է կատարել՝ դա նրա համար վատ ավարտ է ունենում։





























